17/05/2023 09:55
Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանցից գլխավորի անունն Արայիկ Հարությունյան է․ Պատգամավոր
Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա արձանագրել է, որ ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները:
«Իհարկե, կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում էական դեր ունի ու դրա անունը Արայիկ Հարությունյան է, ով իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի:
Հիմա իրադարձությունները գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի շուրջ են` իրենից անկախ, որովհետև 2 ամիս առաջ նշանակել են, լուռ աշխատում է` ինչպես ինքն է պնդում, բայց ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նրան ազատելու և իրեն նշանակելու պահանջ է ներկայացրել Արցախի նախագահին:
Դժգո՞հ են գործող պետնախարարի աշխատանքից, տապալե՞լ է ծրագրերը, գումարնե՞ր է մսխել կամ թալանել. ի՞նչ է արել, որ քննարկման, իսկ ավելի կոնկրետ` առևտրի եք հանել այդ պաշտոնը: Թե ինչպիսի պետնախարար է Ներսիսյանը` ես ինքս չեմ կարող ասել, արցախցիները պետք է ասեն, իրենք են տեսնողն ու գնահատողը: Ունի՞ ծրագիր Բաբայանը և ուզո՞ւմ է կրկին պաշտոն զբաղեցնել կամ իշխանություն կրել` իր իրավունքն է: Իսկ թե ինչո՞վ է զբաղված ազատողն ու նշանակողը, ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է առաջնորդվում՝ Արցախում բոլորը գիտեն:
Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է:
Ինչ վերաբերում է արցախյան քաղաքական դաշտի հին ու նոր հավակնորդներին, ապա միանգամից ասեմ, որ արցախցիները բոլորին մանկությունից մինչև մեր օրեր լավ ճանաչում են և հստակ վերաբերմունք են արտահայտում»: