17/05/2023 15:30
Ի՞նչ կտա մեր հայրենակիցներին Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը
Ռուսաստանը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար ու վերսկսել ուղիղ ավիաթռիչքները: Ռուսաստանի այդ որոշումը, սակայն, Վրաստանում միանշանակ չեն ընդունել:
Վրացագետ Ջոնի Մելիքյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի համար, բացի հումանիտար տիրույթից, այս հարցը նաև քաղաքական է.«Այս որոշմամբ փորձ է արվում Վրաստանի քաղաքացիներին կապել ռուսական աշխատաշուկային, ինչը վերջին 23 տարին փակ էր: Մյուս կողմից, որոշ խոչընդոտներով, մեր հայրենակիցները Վրաստանում ունեին հնարավորություն, լծակ կար՝ ստանալով հայկական անձնագիր, մեկնում էին Ռուսաստան և որևէ խնդիր չէին ունենում: Ուստի, մեր համայնքի, հայության վրա այդքան էլ լուրջ ազդեցություն այս որոշումը չի ունենալու: Ով ուներ հայկական անձնագիր մեկնում էր, ով չուներ, չէր ուզում, այս որոշումից հետո էլ չի մեկնելու, միևնույն է»:
Նրա խոսքով՝ սա ռուս-վրացական օրակարգի մի մասն է կազմում. «Մենք տեսնում ենք զուգահեռ մրցակցությունը Արևմուտքի և Ռուսաստանի՝ վրացական պետության շուրջ, և սպասելի էր այս վիզայի չեղարկումը, երբ 2017 թվականին ԵՄ-ի հետ ստորագրվեց առանց վիզայի ռեժիմ: Այն ժամանակ կային շատ խոսակցություններ, որ եթե ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմ կիրառեց Վրաստանի նկատմամբ, ռուսաստանցի փորձագետները հայտարարում էին, որ բալանսավորելու համար պետք է վերանայվեր այդ ամենը: Այն ժամանակ որևէ բան չարվեց, սակայն, միգուցե, Մոսկվայում որոշակի սպասումներ ունեին: Այսօր արդեն իրենք նախաձեռնողական եղան, որևէ բանի չսպասելով՝ այդ մասին հայտարարեցին»:
Վրացագետը համոզված է, որ վիզային ռեժիմի չեղարկումից հետո, կլինեն ակտիվ այցեր երկու երկրներ, և կախվածությունը ռուսական աշխատաշուկայից ավելի կշատանա.«Կարճաժամկետ կտրվածքով որևէ բան չեմ սպասում, որ կլինի, բայց երկարաժամկետ կտրվածքով այստեղ կարող է որոշակի փոփոխություն լինի: Չէի ասի, որ տարածաշրջանում դեբլոկադայի գործընթաց է լինում: Նույն վրացիները, եթե ցանկություն էին ունենում, Մինսկով և տարբեր ուղղություններով ոչ լեգալ մեկնում էին Մոսկվա, ուստի չէի ասի, որ տոտալ բլոկադայի հետ գործ ունեինք:
Մենք, սակայն, տեսնում ենք, որ տարածաշրջանի հետ կապված ՌԴ-ում որոշ փոփոխություններ նկատվում են՝ առնվազն Վրաստանի մասով: Ընդդիմությունը, ինչպես և սպասվում էր, դատապարտեց այդ քայլը, այսօր էլ բողոքի ցույց պետք է տեղի ունենա՝ ընդդեմ այս գործընթացի և ուղիղ չվերթերի: Բայց մյուս կողմից, կան նեյտրալ, դեպի դրական տանող հայտարարություններ՝ իշխող թիմի կողմից»: