17/05/2023 13:59
Վերականգնվել է որոշակի մասնագիտությունների գծով բանակից տարկետման իրավունքը
Որոշոկի ընդմիջումից հետո վերականգնվել է մի շարք մասնագիտությունների գծով բանակից տարկետման իրավունքը՝ արական սեռի քաղաքացիների համար: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
Նա նշեց, որ այդ մասնագիտությունները 10-ն են. «Կառավարությունն է սահմանել ցանկը: Այդ մասնագիտություններից 6-ը Երևանի պետական համալսարում է և 4-ը՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Տարկետման իրավունքից տղաները շարունակելու են օգտվել՝ անկախ այն բանից՝ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսում իրենք տեղափոխվո՞ւմ են վճարովի համակարգ, թե՞ ոչ: Եթե առաջին կուրս իրենք ընդունվում են անվճար, շարունակում են օգտվել տարկետման իրավունքից, 4 տարի իրենք չեն զորակոչվում»:
Գրիգորյանն ավելացրեց, որ այս տարի ընդհանուր դիմորդների թիվը 14 300 է. «Այդ թվի մեջ մտնում են նաև հունվարին քննություն հանձնածները, քանի որ հունվարին նրանք միայն քննություն են հանձնել, սակայն մասնագիտություն ու բուհ չեն նշել: Իրենք դա արել են հայտագրման այս փուլում: Հունվարին քննություն հանձնածները, հնարավոր է, որոշել են նորից քննություն հանձնել, որովհետև իրենց գնահատականով բավարարված չեն, հնարավոր առարկաներից մեկն են հանձնելու, քանի որ մյուսների գնահատականներով բավարարված են: Անցյալ տարի հունվարին քննության հնարավորություն չի եղել, ունեցել ենք 12 996 դիմորդ»:
Գրիգորյանը նաև տվյալներ տրամադրեց, թե որ մասնագիտություններն են այս տարի դիմորդների կողմից առավել պահանջված, որոնք քիչ պահանջված և որ մասնագիտություններում է ավելացել տարկետման իրավունքը:
Առավել շատ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են՝
Բուժական գործ
Կառավարում
Ֆինանսներ
Իրավագիտություն
Տնտեսագիտություն
Ճարտարապետություն
Հաշվապահական հաշվառում և հարկում
Ստոմատոլոգիա
Շուկայագիտություն
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Քիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններ՝
Բնապահպանություն և բնօգտագործում
Իսպաներեն և գրականություն
Օլիգոֆրենոմանկավարժություն
Շրջակա միջավայրի գիտություններ
Երաժշտական կրթություն
Քիմիա
Ագրոնոմիա
Քարտեզագրություն և կադաստրային գործ
Քիմիական տեխնոլոգիա
Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա
Տարկետման իրավունքով մասնագիտություններ՝
Ռադիոֆիզիկա
Ֆիզիկա
Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում
Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ
Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ
Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա
Ատոմային էներգետիկա
Քիմիա
Միջուկային ռեակտորների ֆիզիկա
Մեքենաշինություն և նյութերի մշակում
Հիշեցնենք, որ միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 9-ից: