17/05/2023 17:10
«Գրվածն ապատեղեկատվություն է». «Որդիների կանչ» ՀԿ-ից հերքում են՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ չի եղել
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հերքում է՝ իրենք չեն առևանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։
«Գրվածը ապատեղեկատվություն է, առևանգում են մարդուն, երբ երկու-երեք հոգով կամ թեկուզ մեկ հոգով մարդուն բռնած տանում են, առևանգելը դա է, որևէ առևանգում կամ առևանգման փորձ չի եղել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Սահակյանն ասաց, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել. «Անգամ բառ չենք փոխանակել»։
Վահիդ Սահակյանը նշեց, որ այս պահին միջադեպի մասնակիցներից ոչ մեկը չի կանչվել Ոստիկանություն։
Այլ մանրամասներ նա չներկայացրեց. հայտարարություն կտարածեն։
Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:
Ըստ լրատվամիջոցի՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի:
Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին: