17/05/2023 15:57
44-օրյա պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ. Նիկոլ Փաշինյան
Պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ: Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել»,- նշել է նա։
Փաշինյանը հիշեցրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել է հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև «սանձազերծված պատերազմն, ըստ ամենայնի, նաև Հայաստանում կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ»:
«Բայց մենք կարողացանք երկրի ժողովրդավարությունը պահպանել: Ավելի ուշ որոշում կայացրեցինք գնալ արտահերթ ընտրությունների՝ հանրային միասնությունը վերգտնելու համար: Եվ երկու օր այն բանից հետո, երբ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իմ և Ազգային ժողովի հրաժարականն ուժի մեջ մտավ, 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Եթե մենք այդ դրվագում շեղվեինք ժողովրդավարությունից, պետականությունը կկորցնեինք, բայց մենք գնացինք ժողովրդավարական ճանապարհով և ունեցանք միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններ, և ձևավորեցինք խաղաղության օրակարգ:
Բայց այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվեց հարձակումների. 2021թ. նոյեմբերին և 2022թ. նոյեմբերին Ադրբեջանը կրկին ներխուժումներ իրականացրեց ՀՀ տարածք»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։