18/05/2023 19:43
Մանկական անեսթեզիա. Ընթացքի և ռիսկերի մասին պատմում է բժիշկը
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկայի ղեկավար Նինել Միրզոյանն անդրադարձել է մանկական անեսթեզիոլոգիայի ռիսկերին, տարիքային ընդգրկմանն ու կրկնվող բարդություններին, որոնք ծնողների մտահոգության հիմնական պատճառներն են:
Նրա խոսքով, անեսթեզիա կատարելու դեպքում, տարիքային խումբն ընդգրկում է 1 օրեկանից մինչև 18 տարեկաններին: Նորածնային հասակի երեխաները հիմնականում բնածին արատներ կամ ներարգանդային ինֆեկցիա ունեցողներն են, որոնք վիրահատվում են բարձր ռիսկերով։
Անեսթեզիոլոգիական ռիսկերը բժշկի թվարկմամբ` չորսն են:
Ռիսկերը կախված են տվյալ պահին երեխայի առողջական վիճակից, խրոնիկ հիվանդությունների առկայութունից, վիրահատության ծավալից և պլանային կամ շտապ լինելու հանգամանքից:
Բժշկի խոսքով, վիրահատության պլանային լինելու դեպքում, հնարավորություն կա հետազոտել երեխային ավելի լայն ծավալով և շեղումներ հայտնաբերելու պարագայում, շտկել ավելի վաղ:
Անհետաձգելի վիրահատությունների դեպքում, ելնելով ժամանակի սղությունից, շտկվում են միայն բարձր ռիսկեր պարունակող փոփոխությունները, այսինքն այն, ինչը հնարավոր է կարճ ժամանակահատվածում։
Մասնագետն անդրադարձավ նաև այն թյուր կարծիքին, որ եթե վիրահատվողը երեխա է, անեսթեզիան պետք է լինի թեթև, քիչ դեղերով՝ ասելով, որ դա հաշվարկվում է քաշով: Օգտագործվում են նույն դեղերը, կատարվում է նույն տիպի անեսթեզիա, ինչպես մեծահասակների մոտ։ Դեղերի չափը որոշովում է քաշի համեմատ։
Ծնողներին շատ են անհանգստացնում նաև պատվաստումների հետ կապված հարցերը. Ցանկալի է, որ պատվաստումներից վեց ամիս անց միայն կատարվի վիրահատական միջամտությունը, բայց եթե բժշկական ցուցումը շտապ է, ապա հնարավոր չէ հաշվի առնել այդ հանգամանքը:
Հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում (աուտիզմ, ՄՈԼԿ, գլոբալ զարգացման հապաղում, շիզոֆրենիա և այլն) անեսթեզիան որևէ բացասական հետևանք չի ունենում։
Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկայի ղեկավարի խոսքով` որոշակի չափով անեսթեզիան կարող է ազդել մնացած օրգանների վրա, եթե հաճախ է կրկնվում, օրինակ՝ հիշողության վրա։:
Տարբերակվում են անեսթեզիայի թեթև և ծանր բարդություններ:
Ըստ բժշկի, բարդությունները կանխատեսելի չեն, բոլոր հիվանդները ստանում են կանխարգելող դեղեր, համալսարանական կլինիկայում անաֆիլակտիկ շոկի տեսքով բարդության ծանր դեպքեր դեռևս չեն արձանագրվել:
Թեթև բարդությունները ներառում են.
Լարինգիտ
Լարինգոտրախեիտ, որոնք արտահայտվում են սաստիկ հազով,դժվարաշնչությամբ
Ցանավորում
Փսխումային համախտանիշ
Անեսթեզիան իրականացվում է քայլ առ քայլ՝ բուժառուի գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո:
Լիարժեք առողջ երեխաների դեպքում, հաջորդ օրը կամ երկու օր հետո արդեն կարելի է կատարել վիրահատությունը, իսկ եթե կան քրոնիկ որոշ հիվանդություններ, ապա հետազոտումն իրականացվում է ավելի թիրախային:
Հիմնականում նախքան վիրահատությունը երեխաներին տրվում են հանգստացնող դեղեր` սթրեսի մեղմման համար:
Բժիշկն իր 20-ամյա փորձից ելնելով հորդորում է ծնողներին՝ խոսել երեխայի հետ և ներկայացնել կատարվելիք վիրահատության ընթացքը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։