18/05/2023 21:09
Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում. Ինչպե՞ս ճիշտ սնվել
Հղիության ողջ ընթացքը կնոջ կյանքում ընթանում է իրար հաջորդող փոփոխություններով. Փոխվում է ոչ միայն մարմինը, այլև հոգեվիճակը, սովորությունները և նույնիսկ ճաշակները։
Մի շարք միֆեր կան հղի կանանց տարօրինակ ցանկությունների և սննդի հանդեպ քմահաճույքների մասին, որոնցից շատերը հավակնում են իրական լինելու։
Հորմոնները, որոնք այդ ընթացքում փոխում են վարքն ու սովորությունները, այնքան են ազդում կնոջ օրգանիզմի վրա, որ երբեմն կարող են առաջանալ նաև մարսողական խնդիրներ։
Սննդային քմահաճույքները հղիության բավականին տարածված «ախտանիշ» են: Բացի այդ, հնարավոր են ավելի արմատական ու տարօրինակ ցանկություններ՝ կծել կավիճ, կավ կամ կրաքար, հում բանջարեղեն ուտել և այլն։ Հաճախ այս ախտանշանները պայմանավորված են լինում երկաթի անբավարարությամբ։
Հղի կանանց մեծամասնությունը բախվել է բերանի տհաճ համի, մետաղական կամ դառը համային զգացողության հետ, որը ստիպում է ինչ-որ բան ուտելու ցանկություն առաջացնել: Սակայն քչերը գիտեն, որ դա ևս պայմանավորված է հղիության հորմոններով:
Այս վիճակը չի համարվում պաթոլոգիա, դրանք փոփոխություններ են, որոնք սերտորեն կապված են ընթացող նյութափոխանակության փոփոխությունների հետ, որոնք ձևավորվում են հղիության հորմոնների ազդեցության տակ։ Թքարտադրության նվազումը կամ, ընդհակառակը, դրա ավելցուկը ևս, կարող են հանգեցնել քիմքի բշտիկների գործունեության խախտման:
Չնայած սնունդ ընդունելու նախասիրությունների փոփոխությունը վտանգավոր չէ և որևէ խնդրի մասին չի վկայում, այնուամենայնիվ, որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի բժշկի խորհրդատվությունը։
Հղիության համար կան չորս կարևոր սննդանյութեր՝ կալցիում, ֆոլաթթու, երկաթ և սպիտակուց: Կարևոր է ընտրել մթերքներ, որտեղ կլինեն այս սննդանյութերի մեծ պաշարներ:
Կալցիումը կարևոր է ձեր և երեխայի ոսկորների և ատամների կառուցման համար: Այս սննդանյութի աղբյուրներն են՝ պանիրը, տերևավոր կանաչիները, կաթը, մածունը, սարդինները, սաղմոնը, հյութերը և կալցիումով հարստացված մթերքները:
Ֆոլաթթուն օգնում է կանխել երեխայի ուղեղի և ողնաշարի բնածին արատները: Թեև տերևավոր կանաչիները, հարստացված հացահատիկները, հացը և մակարոնեղենը ֆոլաթթվի լավ աղբյուրներ են, այն կարող է բավարար չլինել հղի կնոջ կարիքների համար: Հետևաբար, բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել վիտամինային հավելումներ:
Երկաթը անհրաժեշտ է արյան բջիջներ ստեղծելու համար, որպեսզի երեխային բավարար չափով թթվածին մատակարարի: Բացի այդ, հղի կանայք, ովքեր ըստ պատշաճի երկաթ չեն ստանում, հակված են սակավարյունության, ինչը հանգեցնում է հոգնածության, ինչպես նաև վարակների ավելի մեծ ռիսկի: Երկաթի լավ աղբյուրներից են ձուկը, թռչնամիսը, լոբազգիները, երկաթով հարստացված հացահատիկները և միսը։
Սպիտակուցը օգնում է կառուցել երեխայի կենսական օրգանները: Ընկույզը, ձուկը, թռչնամիսը, ձուն, լոբին և ոլոռը սպիտակուցի իդեալական աղբյուրներ են:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։