18/05/2023 13:50
Ի՞նչ հնարավորություններ են տալիս ամառային դպրոցները. ինչպե՞ս դիմել
Կրթության որակի բարձրացմանն ու ինքնակրթությանը միտված քայլերի շարքում կարևոր դեր ունեն ամառային դպրոցներն ու փորձի փոխանակման ծրագրերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս՝ նոր հնարավորությունների ու կրթական նոր մակարդակի հասնելու ճանապարհին։
Aysor.am-ն առանձնացրել է մի շարք հարթակներ, որտեղից հնարավորություն կունենաք ծանոթանալու իրականացվող կրթական ծրագրերին, ուղղություններին և առաջնային պայմաններին։
Կրթական տարատեսակ ծրագրեր առաջարկող Edunetwork (https://www.edunetwork.am/) հարթակը տալիս է լայն հնարավորություն` դրսի փորձն ու գիտելիքները յուրացնելու և ինքնակատարելագործվելու համար։
Edunetwork-ը համագործակցում է մի շարք արտասահմանյան հայտնի ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ։
Կազմակերծության գործունեության հիմնական ուղղություններն արտասահմանյան համապատասխան կրթական հաստատությունների ընտրությունն ու ներկայացումն է` համաձայն թեկնածուի ներկայացրած տվյալների և պահանջների:
Հարթակը ցուցաբերում է նաև արտասահմանյան միջին ավագ դպրոցների, բակալավրի, մագիստրատուրայի, PHD և այլ ծրագրերի ընդունելության աջակցություն, ձևաթղթերի լրացման, մոտիվացիոն նամակների և երաշխավորագրերի կազման, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրերի հայթաթման և դիմելու աջակցություն ։
Edunetwork-ին կարող եք դիմել նաև, եթե ցանկանում եք մասնակցել կարճաժամկետ ծրագրերի՝ ամառային, գարնանային, աշնանային, ձմեռային դպրոցներ, լեզվի և մասնագիտական այլ ծրագրերի մասնակցություն։
Տարբեր փոխանակման ծրագրերում գրանցվելու չափանիշները ևս տարբեր են, սակայն կան մի քանի ընդհանուր պահանջներ, որոնք, օրինակ, կտեսնեք ավագ դպրոցի փոխանակման ծրագրերում.
պետք է լինել ավագ դպրոցի աշակերտ,
դիմելիս՝ ուսանողները պետք է լինեն 18 տարեկանից ցածր,
դիմորդը պետք է ունենա նվազագույնը 2.5 GPA 4.0 սանդղակ (հատկապես կրթաթոշակներով փոխանակման ծրագրերին դիմող ուսանողների համար),
դիմորդները պետք է հետաքրքրված լինեն սովորելու այն երկրի նոր լեզուն, որտեղ մտադիր են մեկնել:
Ամառային դպրոցների և կրթական փորձի փոխանակման ծրագրերը ունեն տարբեր արժեքներ, հաճախ նաև կազմակերպվում են լրիվ անվճար հիմունքներով՝ամբողջությամբ ֆինանսավորվող կրթաթոշակներ։
Բացի վերոնշյալ նմանատիպ կազմակերպություններից, ՀՀ-ում գործող համալսարանների մեծամասնությունը ևս տալիս է դրսում ուսանելու և փորձի փոխանակման լայն հնարավորություններ։
ՀՊՄՀ-ն 2013 թվականից իրականացնում է «Ամառային դպրոց» միջազգային փոխանակման ծրագիր, որի նպատակն է խթանել միջմշակութային հաղորդակցումը, բարելավել ուսանողների օտար լեզուների իմացությունը, տարածել հայկական մշակույթն արտերկրում, բուհի ուսանողներին հնարավարություն տալ ճամփորդել և ընդլայնել իմացությունների շրջանակը։
Ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն համագործակցում է հետյալ համալսարանների հետ՝
- Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան (Կիև, Ուկրաինա)
- Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարան (Մինսկ, Բելառուս)
- Մոսկվայի Պուշկինի անվան պետական ռուսաց լեզվի ինստիտուտ (Մոսկվա, ՌԴ)
- Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարան (Մոսկվա, ՌԴ)
- Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ)
- Մոսկվայի մանկավարժական պետական համալսարան (Մոսկվա, ՌԴ)
- Չինաստանի Հարավ-արևմտյան համալսարան (Չունցին, Չինաստան)
- Չեխիայի Պարդուբիցեի համալասարան (Պարդուբիցե, Չեխիա)
- Վարմիա և Մազուրիայի համալսարան (Օլշտին, Լեհաստան)
- Վիտաուտաս Մագնուսի անվան համալսարան (Վիլնյուս, Լիտվա). Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարան (Բուդապեշտ, Հունգարիա)
- Ֆինլանդիայի Օուլուի համալսարան (Օուլու, Ֆինլանդիա)
- Արցախի պետական համալսարան (Ստեփանակերտ, Արցախ)
Հաշվի առնելով միջազգային մարտահրավերները և գիտելիքի փոխանցման կարևորությունը՝ կրթական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և փորձի փոխանակման միջոցով, դիմորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու կյանքը փոխող փորձառություն և, ամենակարևորը, այդ փորձառությունը հետագայում կդարձեն հասանելի բոլորի համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։