18/05/2023 13:11
Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն. Թանգարանների միջազգային օրն է
Հասարակության կյանքի որակի բարձր մակարդակն ապահովող առաջնային գործոններից է մշակույթն ու մշակութային կյանքին մոտ լինելը։
Այսօր՝մայիսի 18-ին, ողջ աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը և մեկնարկում է ավանդույթ դարձած «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումների շարքը, որը կանցկացվի մայիսի 20-ին։
Թանգարանների միջազգային օրն այս տարի կրում է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագիրը։ Այն ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում:
Որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում՝ թանգարանները բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները և նպաստելու կայուն զարգացման նպատակներին:
Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ): Նպատակն է համախմբելու թանգարաններին՝ հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը ևս ծրագրին միացել է 2005 թվականից։
Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն:
Ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ առաջարկելով այցելուներին բազմապիսի ճանաչողական և կրթական թեմատիկ ծրագրեր:
Կազմակերպված միջոցառումները միտում ունեն վերարժևորելու թանգարանների առաքելությունը նորօրյա մարտահրավերների, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակության ձևավորման համատեքստում:
Միաժամանակ, այն նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
Վերջին շրջանում Երևանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հասարակության մեծ մասը մոտ է կանգնած մշակութային կյանքին, հետաքրքրված է նորարարական գաղափարներով ու մշակույթի նորովի մատուցմամբ։ Շատերն էլ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում առավել հաճախ այցելել թանգարաններ, թատրոններ և մշակույթի այլ կենտրոններ։
«Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը ևս մեկ լավ առիթ է անվճար կերպով թանգարաններ այցելելու և կյանքի որակի բարձրացմանը նպաստող մշակութային կյանքին մոտ լինելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։