18/05/2023 11:39
Ինչ հետևանքներ ու խնդիրներ կարող են առաջանալ խալերի ոչ ճիշտ հեռացումից. դիտարկումներ՝ մաշկաբանից
Անատոմիորեն նրանք ամենից հաճախ իրենցից ներկայացնում են մաշկային ծածկույթի այս կամ այն բաղկացուցիչ տարրի հիպերպլազիան։ Նեղ իմաստով խալ են անվանում յուրահատուկ գոյացությունները, որոնք կազմված են, այսպես կոչված, խալային բջիջներից։ Խալերը կամ լինում են ծնված օրվանից, կամ առաջանում են կյանքի առաջին կամ ավելի ուշ տարիներին։
Խալերը կարող են լինել հարթ, արտափքված, դեղինից մինչև սև գույն և նրանց վրա կարող են աճել մազեր: Պետք է զգոն լինեք, եթե խալերը առաջացել են արևի տակ երկար ժամանակ գտնվելուց հետո:
Էսթետիկ և բժշկական ցուցումներով խալ հեռացնելու որոշում կայացրած յուրաքանչյուր մարդուն հարցը, թե արդյոք այն կարող է վատ հետևանքներ ունենալ, շատ է վախեցնում և երբեմն հետ է պահում այդ գործողությունից:
Մաշկաբան Էմիլ Միրզոյանն Aysor.am-ի հետ խոսել է խալերի, դրանց հեռացմամ և հետևանքների մասին:
«Եթե խալը հանգիստ է, չի արյունահոսում, չի ցավում, կարմրած, բորբոքված չի, ապա այն 100 տարի էլ մնա, վնաս չի ներկայացնի: Այսինքն այն հանգիստ կարող է մնա մարմնի վրա: Զուտ այլ հարց է, եթե էսթետիկ նկատառումներից ելնելով ուզում են հեռացնեն: Նման խալերը շատ հանգիստ հեռացման ենթակա են, բայց անպայման պետք է արվի դեռմատոսկոպիկ հետազոտություն, նոր հետո հեռացնեն: Քանի որ դեռմատոսկոպիան է ցույց տալիս՝ ինչ խորության է խալը, ինչ գոյացություն է: Իսկ եթե խալն արտաքնապես հանգիստ չէ, վերքոտված է, արյուն է գալիս, մազերը վրայից թափվում են, բորբոքված է, նշանակում է այն կարող է չարորակ լինել: Այդ դեպքում պետք է այն հեռացնեն բժշկական ցուցումով», - նշեց նա:
Հարցին՝ թե ի՞նչ հետևանքներ, խնդիրներ կարող են լինել, եթե ոչ ճիշտ միջամտություն լինի, Միրզոյանը պատասխանեց. «Ինչպես արդեն ասացի, ցանկացած միջամտության դեպքում պետք է ունենաս դեռմատոսկոպիկ պատասխան: Եթե առանց դրա են անում, արդեն իսկ սխալ է: Նաև եթե դու չգիտես, թե ինչ խալ է, ինչ խորության վրա է գտնվում, միգուցե ընտրվի հեռացման մի մեթոդ, որը դրա համար ցուցված չի լինում: Հետևաբար կարող են մնան կտորներ և չարորակացման վտանգ առաջանա: Դա ամենավատ դեպքերում»:
Բժիշկը նաև տեղեկացրեց, որ մարդն իր կյանքի ընթացքում մոտ 200 խալ կորցնում է և մոտ 400 խալ ձեռք է բերում. «Դա նորմալ, ֆիզիոլոգիական ընթացք է: Այստեղ նաև գենետիկայի հարցը կա։ Խալերը կարող են առաջանալ, անհետանալ, մեծանալ: Սակայն խալերը չպետք է շփոթել պիգմենտացիայի հետ: Դրանք խալեր են, որոնք տարբեր էնդոկրին հիվանդությունների կամ արևահարման հետևանք կարող են լինել»:
Խալերի ամենաարդիական և անվտանգ մեթոդներից մեկը լազերային հեռացումն է:
Այդ դեպքում գործողությունը արագ է, տևում է ընդամենը 3-5 րոպե: Թույլ է տալիս հեռացնել պիգմենտային, անոթային և նևուսի այլ տեսակները, մաշկը ամբողջապես ապաքինվում է արդեն 5-7 օր անց, հեռացումը անցավ է, կատարվում է տեղային անզգայացմամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։