18/05/2023 16:49
Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափությունն անհապաղ կբողոքարկենք դատարանում. Փաստաբան
Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, հայտարարել է հացադուլի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահան Մարտիրոսյանը։
«Տիկին Գայանեն ասաց, որ ունի բազմաթիվ հիվանդություններ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների», - ասաց փաստաբանը։
Նա նշեց, թե տիկին Գայանեի ձերբակալման նպատակ է նշվել փախուստը կանխելը։
«Եվ երկրորդ՝ նշված է, որ ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին։ Հիմա ձերբակալման իրավաչափությունն անհապաղ կբողոքարկենք դատարանում, հետագա գործողությունների մասին կհայտնենք»։
Փաստաբանն ասաց, թե այս միջադեպով Աշոտ Փաշինյանը որպես տուժող է հանդես գալիս և իրավունք չունի հրաժարվելու առերեսումից.
«Խնդիրը ժամն է, թե երբ կիրականացվի»։
Նշենք, որ Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, այս պահին գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում։