18/05/2023 17:40
Զորքերի հայելային հետքաշումը կհանգեցնի բնակավայրերի հայաթափման և տարածքային նոր կորուստների․ Տիգրան Աբրահամյան
Զորքերի հայելային հետքաշումը, ինչի «անհրաժեշտության» մասին բազմիցս խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կհանգեցնի մի շարք բնակավայրերի հայաթափման, տարածքային նոր կորուստների, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունների նշած հատվածում եթե զորքերի հայելային կարգով հետքաշում տեղի ունենա, նշանակում է, որ ՀՀ մի շարք բնակավայրեր փաստացի պետք է հայաթափվեն, որովհետև դրանք գտնվում են սահմանագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Եթե դիտարկենք Սյունիքի գյուղերը՝ Տեղի, Արավուսի, Խոզնավարի, Խնածախի հատվածում կամ եթե դիտարկենք Գեղարքունիքի ուղղությամբ, որտեղ Ազատ գյուղն է, Սոթքն է, Կութը և այլն, շարքը բավականին մեծ է, ապա հայելային հետքաշումը ենթադրում է, որ այդ տարածքները, որտեղ մարդիկ են ապրում, պարզապես վերածվելու են բուֆերային գոտու, որտեղ մարդիկ չեն կարող ապրել»,- ընդգծեց Աբրահամյանը։
Նա նաև կարևոր մեկ այլ հանգամանք մատնանշեց՝ որևէ երաշխիք, որ զորքերի հայելային հետքաշումից հետո ադրբեջանական նոր ներխուժում տեղի չի ունենա, ոչ ոք չի կարող տալ։
«Ադրբեջանը ցույց է տվել, որ որևէ պայմանավորվածություն չի կատարում, եթե դա չի բխում իր շահերից և եթե կա հնարավորություն՝ կորզելու, ճնշելու, նոր տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք չի կարող տալ երաշխիք, որ հայկական զորքերի հետքաշումը անմիջապես կամ որոշ ժամանակ անց չի բերելու ադրբեջանական զորքերի ներխուժմանը և Հայաստանի տարածքների նկատմամբ նոր օկուպացիայի ապահովմանը: Դրա երաշխիքը ո՛չ Հայաստանի Հանրապետությունը կարող է տալ, ոչ էլ միջազգային հանրությունը, և այս տեսանկյունից ես զորքերի հետքաշման տրամաբանություն չեմ տեսնում, որն է հայկական շահը՝ չեմ տեսնում։ Սա դառնալու է Հայաստանի Հանրապետության նոր տարածքային կորուստ»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։