18/05/2023 17:07
Անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործումը գլոբալ խնդիր է, պատճառներից է նարկոտրաֆիկի հիմնական ուղիների անցումը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքով․ Հայտարարություն
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է ընդունել անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների օգտագործման դեմ պայքարի վերաբերյալ։ Հայտարարությունում ընդգծվում է, որ ՀԱՊԿ երկրներում անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների օգտագործման խնդիրը գլոբալ բնույթ է ստացել։
«ՀԱՊԿ անդամ երկրներում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի բացասական զարգացման առանցքային գործոններն են սինթետիկ թմրամիջոցների շրջանառության ընդլայնումը և հոգեակտիվ նյութերի ոչ բժշկական նպատակով օգտագործումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հիմնական ուղիների անցումը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքով, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հնարավորությունները ապօրինի գործունեության համար օգտագործելը, ինչպես նաև նորագույն ֆինանսական գործիքների կիրառումը»,- նշված է հայտարարությունում։
Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ չնայած ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ և պետական մարմինների կողմից անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ձեռնարկված համապարփակ միջոցառումներին, կրիմինոգեն իրավիճակը շարունակում է բարդ մնալ։
«Կտրականապես դեմ ենք թմրամիջոցների դեմ պայքարում համագործակցության համակարգի վերանայմանը՝ հանգեցնող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պերեկուրսորների ապօրինի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը թուլացնելուն, ինչպես նաև դեմ ենք ոչ բժշկական նպատակներով ցանկացած թմրամիջոցի օգտագործման օրինականացմանը»,- նշված է հայտարարությունում։