18/05/2023 10:50
Փափագում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան հաշտ լինեն. Ստամբուլի «Մարմարա» թերթի տնօրեն
Պոլսահայ համայնքի ցանկությունն է, որ Հայաստանն ու Թուրքիան իրար հետ հաշտ լինեն։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է 1940 թվականից Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթի հրատարակության տնօրեն Արի Հատտեճյանը։
«Մենք երկու հայրենիք ունենք՝ Թուրքիան և Հայաստանը։ Մենք, անշուշտ, փափագում ենք, որ երկու հայրենիքներն իրար հետ հաշտ լինեն, մենք էլ երկու երկրների մեջ ազատ, համարձակ, հեշտորեն կարողանանք գնալ-գալ, խոսել, երջանիկ ապրել»,- նշել է Հատտեճյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարևորության մասին։ Նրա խոսքով՝ երկու հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի երկու երկրների հասարակությունների վրա։
Խոսելով Թուրքիայի հայկական շուրջ 50 հազարանոց համայնքի ու դրա խնդիրների մասին՝ Հատտեճյանը նկատել է, որ ցավոք, շատերն այսօր հայերեն չեն խոսում։
«Հայերեն խոսել, կարդալ իմացող մարդ չի մնացել։ 5 ավագ, 12-13 միջնակարգ և տարրական դպրոց ունենք, ամեն տարի այս դպրոցներում հազարներով աշակերտ է սովորում, բայց նրանց մեջ հայերեն կարդացող կամ հայերեն կարդալ ցանկացող երեխա գտնելը հրաշք է։ Ձուլվում են թուրքերենին»,- ասել է Հատտեճյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։