18/05/2023 23:19
Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանության են բանսարկուները, շոումենները, որոնք ընդունակ են ամեն ինչի․ Հենրիխ Դանիելյան
«Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունենք իշխանություններ, որոնք բանսարկուներ են, որոնք շոումեններ են, որոնք ինչ-որ բան սարքելու համար ոչինչ չեն խնայում, որ կարողանան մարդկանց խաբեն, խեղաթյուրեն իրականությունը, որ նաև մարդկանց սևացնեն, պախարակեն»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ դատարանն այս պահին քննում է զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը։
Հենրիխ Դանիելյանը ընդգծեց՝ այս իշխանությունը հող ազատագրած հերոսների նկատմամբ է նաև շինծու քրգործեր հարուցում, հիմա էլ անցել է հերոսներ ծնած ծնողներին։
«Նաև մեր առյուծ եղբայրների ծնողների նկատմամբ հարուցված քրգործեր կան, և այսօր մենք տեսնում ենք տիկին Գայանեի նկատմամբ այս բանսարկությունը, որը իշխանություններին տալիս է հնարավորություն՝ հասարակության ուշադրությունը շեղելու իրականությունից՝ սահմանային լարվածություններ, ամենօրյա զոհեր, ամենօրյա վիրավորներ, այն սարսափելի տեսարանները, որոնք տեսնում ենք ամեն օր։ Նիկոլ Փաշինյանի համար դա խնդիր է, որովհետև նա ունի գրեթե զրոյական վարկանիշ, և նրա համար իր իշխանության օրերը հաշված են, նա ամեն ինչի ընդունակ է և քայլեր է ձեռնարկում՝ չնայելով, թե հերոսածին մայր է իր դիմաց կանգնած, թե ոչ, որովհետև նրանք չունեն հայրենասիրություն, չունեն սրբություն, չունեն կարմիր գիծ։ Նրանց կարմիր գիծն իրենց իշխանության պահպանումն է»,- ասաց Հենրիխ Դանիելյանը։
ՀՀԿ երիտթևի նախագահը շեշտեց՝ մենք մեր առյուծ եղբայրների ծնողների կողքին կանգնած ենք եղել և կանգնած ենք լինելու՝ որպես հայ մարդիկ, որպես հայ երիտասարդներ։