18/05/2023 22:38
Առևանգման մեջ մեղադրել զոհվածի մորը, պարզապես անհեթեթություն է․ Միքայել Սրբազան («Հրապարակ»)
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ծիծաղելի է համարում, որ զոհված զինծառայողի մայրը կարող էր երիտասարդ տղայի առևանգել։ Հիշեցնենք, որ զոհված զինծառայող Ժորա Հակոբյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը ձերբակալված է Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։
«Ծիծաղելի բան է, ես ծիծաղելի բան եմ համարում, որ կինը, զոհվածի մայրը կարող էր փորձ կատարել ինչ-որ երիտասարդ տղայի առևանգել, ծիծաղելի է նույնիսկ այդ բանը մտածելը։ Պարզ է, որ ներդաշնակ հարաբերություններ չեն եղել, պարզ է, որ վիրավորված ծնող է, զավակ կորցրած ծնող է, կարող է ինչ-որ մի բան այսպես ասած լինել, այնպես արած լինել, բայց առևանգումը դա ուղղակի ծիծաղելի է, և առևանգման մեջ մեղադրել կնոջը, մորը, դա պարզապես ծիծաղելի է։ Եթե տղամարդ լիներ, կասեինք՝ ինչ-որ մի տեղ մի տրամաբանական բան կարող է լինել, բայց կնոջ պարագայում դա ուղղակի անհեթեթություն է։ Պարզ է, որ ինչ-որ ջերմ հարաբերություններ չեն եղել, բայց ի՞նչ առևանգման մասին է խոսքը»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Միքայել Սրբազանը։
Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների նկատմամաբ սոցցանցերում գրվող հայհոյանքներին, հոգևորական ասել է, որ դա ուղղակի ամոթ է․
«Ամոթ է, հայհոյանքները երկու կողմից էլ չի կարելի՝ ոչ այս կողմից, ոչ այն կողմից։ Ընդհանրապես այդ հայհոյախառն արտահայտություններից պետք է խուսափել, բոլորը պետք է խուսափեն, բացարձակապես բոլորը։ Այդ հայհոյանքներն են, որ մեզ այսօր հասցրել են այսօրվան։ Ախր չար էներգիա է կուտակվում դրանից, դրանից ոչ մի լավ բան չի լինում։ Հասկացանք, բոլորս էլ կարող ենք միմյանց հետ խնդիրներ ունենալ, վշտացած լինել, բայց դա չի կարելի, առավել ևս, որ մեկը վշտի մեջ է, ինչպե՞ս կարող ես նրան հայհոյել, ո՞նց կարող է լեզուդ պտտվի, որ հայհոյես, ախր չափ ու սահման կա։ Մեր դժբախությունն այն է, որ մենք չափ ու սահմանը հատել ենք, բոլոր կարմիր գծերը հատել ենք։ Այս ընդհանուր բացասական մթնոլորտի անդրադարձն է այս ամեն ինչը»:
Դիտարկմանը, որ ծնողներից շատերին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը պատարստվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ Արցախն էլ հետը, և ծնողներն ասում են, թե ինչո՞ւ իրենց երեխաներին սպանեցին, եթե հիմա Արցախը հանձնում են, Միքայել Սրբազանը արձագանքել է․
«Այո, այդ հարցը, բնականաբար, կարող է հնչել։ Այդ մարդիկ ի սկզբանե էլ տրամադիր էին ոչ միայն այն զոհերի, այլ արցախյան առաջին պատերազմի զոհերի ամբողջ արածն ու զոհողությունը զրոյացնել և զրոյացնում են։ Այդ մասին ես բազմիցս ասել եմ, արդեն 3 տարի է ասում եմ՝ էս մարդիկ գնում են հանձնման ճանապարհով, ուղղակի չափաբաժինները կամաց- կամաց են ավելացնում, որպեսզի հասարակությունը վարժվի հաջորդ դոզային, և շատ գրագետ են անում, երևի իրենց ուսուցիչներն են իրենց ուղղորդում, որ այդպես գրագետ են գործում, որովհետև միանգամից չեն ասում՝ Արցախն Ադրբեջան հիմա էլ կգա։ Կճամարտակի, կասի՝ այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը արդեն Ղարաբաղի և Ադրբեջանի հարցն է։ Մի այսպիսի բան կասի, կչքմեղանա։ Նա այնքա՜ն ճամարտակություն ունի գրպանում պահած, ամեն ինչի դիմաց մի ճամարտակություն ունի պահած, և եթե հասարակությունը սպասում է վերջին ստորագրությանը, որ ասի՝ հանձնեցինք և վերջ, դա էլ կլինի, բայց արդեն շատ ուշ կլինի մի բան փրկելու համար»,- պատասխանել է Սրբազանը։