18/05/2023 20:42
Գործող իշխանությունը չարաշահում է իրավապահ համակարգի լծակները․ Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մի շարք հանրային գործիչների հետ Երևանի քննչական վարչության շենքի դիմաց է՝ աջակցելու զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին, ում ձերբակալվածների պահման վայրից են տեղափոխել այստեղ։
Ավետիք Չալաբյանը վստահ է՝ գործող իշխանությունը չարաշահում է իրավապահ համակարգի լծակները։
«Դրա միջոցով փորձում են թիրախավորել իրենց քաղաքական հակառակորդներին։ Այդպիսի մի դեպքի մենք ականատես եղանք մի քանի օր առաջ, երբ երեք ամսով երկարացվեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքը՝ բացարձակ անհիմն և պրոցեսուալ խայտառակ խախտումներով։ Պարզապես խայտառակ խախտումներով, դրան ականատես էինք»,- ասաց Չալաբյանը։
Ինչ վերաբերում է զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին Աշոտ Փաշինյանի «առևանգումը» կազմակերպելու մեջ մեղադրելուն, ապա միջադեպում, ըստ Ավետիք Չալաբյանի, հանցագործության որևէ միտում չի եղել։
«Չի եղել բռնության կիրառում, չի եղել մարդու նկատմամբ հարկադրանք, նա եկել, իր կամքով նստել է մեքենան, այն տեղից շարժվել է, դուռը բացել, դուրս է եկել մեքենայից։ Այդ ամենը ներկայացվում է այնպես, ասես նրան փորձել են առևանգել։ Առևանգումը բռնության կիրառում է ենթադրում, այստեղ ակնհայտ է, որ բռնության որևէ կիրառում անձի նկատմամբ չի եղել»,- ասաց նա։
Ըստ Ավետիք Չալաբյանի՝ իրավիճակի ամենանորմալ հանգուցալուծումը կլիներ Աշոտ Փաշինյանի կողմից իր դիմումը հետ վերցնելը։