18/05/2023 22:57
Իրավապահ համակարգն ամբողջությամբ գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքին․ Քանի նա կա, նմանատիպ իրավիճակների շատ ենք բախվելու․ Զոհված զինծառայողի հայր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց բազմամարդ է, դատարանը քննում է զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը։ Տիկին Գայանեին աջակցելու համար դատարանի բակում են հավաքվել հանրային, հասարակական-քաղաքական գործիչներ, զոհված զինծառայողների ծնողներ, սովորական քաղաքացիներ։
«Գայանե Հակոբյանի արարքները հանցագործության ոչ մի էլեմենտ չեն պարունակում»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյայում զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը։
«Հիշու՞մ եք Նիկոլի խոսքերը, որ ասում էր՝ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այսինքն, մեր հանդեպ, որ մենք հերոսածին ծնողներ էինք, Եռաբլուրում ոստիկանները ուժ էին կիրառել, բայց առ այսօր որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, իսկ այս մյուս հարցում, երբ իրոք որևէ հանցակազմ չկա, Աշոտ Փաշինյանն իր ոտքով է նստել Գայանե Հակոբյանի մեքենան, դա ամբողջ մեր դատական համակարգը որակում է որպես մադու առևանգում ու անմիջապես անցել են կոնկրետ գործողությունների»,- ասաց նա։
Զոհված զինծառայողի հայրն ընդգծեց՝ սա հերթական ապացույցն է, որ իրավապահ համակարգն ամբողջությամբ գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքին։
«Քանի նա կա, նմանատիպ իրավիճակների շատ ենք բախվելու»,- նշեց Վահիդ Սահակյանը։