18/05/2023 10:32
«Ժողովուրդ». Ու՞մ հաշվին են եղել Անահիտ Ավանեսյանի գործուղումները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղումներ մեկնելու հարցում բավականին ակտիվ է։ Նա այս տարի՝ մինչև մայիսի 15-ը, չորս գործուղման է մեկնել։ Նախարարի առաջին գործուղումը եղել է հունվարի 19-21-ը, երբ Ավանեսյանն Իրան էր մեկնել։ Այնտեղ նա մասնակցել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումար»-ին։
Գործուղումից հետո ներկայացված հաշվետվությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ այնտեղ Ավանեսյանը հանդիպումներ է ունեցել, նաև աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացրել։ Մարտի 17-19-ը նա մեկնել է Կատար, այնտեղ մասնակցել համաժողովի, և որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը։
Ավանեսյանը մարտին երեք անգամ է գործուղման մեկնել և Կատարից վերադառնալուց երեք օր անց մեկնել է Սանկտ Պետերբուրգ, այնտեղ կրկին համաժողովի մասնակցել։ Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ որևէ փաստաթուղթ, հուշագիր չի ստորագրվել, միայն եղել են հանդիպումներ և ելույթներ։ Մարտին ևս մեկ անգամ է գործուղում եղել, այս անգամ էլ՝ մարտի 29-ից 31-ը՝ Շվեյցարիա։
Այսինքն՝ մարտ ամիսը նրա համար բավականին ակտիվ է եղել։ Այստեղ ևս փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն աշխատանքային խմբի մեկնարկ է տրվել հետագա աշխատանքների համար։ Առկա տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանի վերջին գործուղումը մինչ այս պահը եղել է Հնդկաստան ապրիլի 25-ից 29-ը, որի ժամանակ նախարարը մասնակցել է գագաթնաժողովի։
Իսկ ու՞մ հաշվին են եղել գործուղումները՝ կհարցնեք դուք. մեծ մասը եղել է պետական բյուջեի հաշվին, որոշ մասը՝ հրավիրող կողմի, սակայն ամենաթափանցիկ կառավարությունը թաքցնում է անդամների գործուղման ծախսերը»։