18/05/2023 16:27
1111 զինծառայող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման հնարավորություն կստանա. 2,5 միլիոն դրամ կանխավճարը կտա պետությունը
Կառավարության որոշմամբ բարեփոխվում են սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանները:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ 2023 թվականի ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռնվում հայտ ներկայացրած ու մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին:
«Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում է 500 տեղ, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես դիմորդների թիվն անցնում է 1000-ը: Այս տարվա դիմող զինծառայողների թիվը 1111 է, որոշման նախագծով բոլոր մասնակիցները, ովքեր վիճակահանությամբ չէին կարողացել ստանալ վարկավորման իրավունք, նրանք նույնպես օգտվելու են ծրագրից»,- կառավարության նիստում նշեց նախարարը:
Զինծառայողներին հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակներում համագործակցել նաև այլ բանկերի հետ. նախկինում միայն «Արդշինբանկ»-ն էր, հիմա բոլոր բանկերից կարող են օգտվել:
Ծրագրի շրջանակներում պետության կողմից կանխավճարի չափը սամանվում է 2,5 միլիոն դրամ՝ գործող 28,5 միլիոն դրամի 10 տոկոսի փոխարեն:
«Այսինքն՝ եթե նախկինում զինծառայողի ընտրած բնակարանը կարող էր արժենալ 10 միլիոն դրամ ու, որպես կանխավճար, ստանար 10 տոկոսը, հիմա բոլորը միանվագ, որպես կանխավճար, կարող են ստանալ 2,5 միլիոն դրամ»,- մանրամասնեց Պապիկյանը:
Ծրագրի շրջանակներում առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 11 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորվելու է պետության կողմից, մնացածը զինծառայողը հնարավորություն կունենա դրա գումարը հետ ստանալ եկամտահարկի հաշվին:
Երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 13 տոկոս, որից 5 տոկոսը սուբսիդավորվելու է պետության կողմից:
Անհատականբնակելի տան կառուցման համար վարկերը տրամադրվելու են կառուցապատման արժեքի մինչև 80 տոկոսի չափով:
1111 շահառուները պետք է կարողանան 1 տարվա մնացած հատվածում գտնել բնակարանը և ապահովել գնման գործընթացը, այլապես այդ իրավունքից կզրկվեն և ստիպված կլինեն դիմել հաջորդ տարի: