18/05/2023 17:23
2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներն արդեն խոսում են, որ ծնունդների էական աճ կա. Նախարար
Հայաստանում էականորեն աճել է ընտանիքներում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Էականորեն աճել է ընտանիքներում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը: Օրինակ, եթե համեմատենք 2018 և 2021 թվականների ցուցանիշները, կտեսնենք, որ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: Եթե 2018-ին ծնվել էր կարգաթվով 3 և բարձր՝ 8271 երեխա, ապա 2021-ին երրորդ և հաջորդ ծնված երեխաների թիվը կազմել է 11 հազար 438»,- նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներն արդեն խոսում են, որ ծնունդների էական աճ կա:
«Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելի է 658-ով: Նաև էական նվազում կա մահերի ցուցանիշում. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պակաս է 20 տոկոսով»,-ասաց նախարարը:
Ավելի համապարփակ պատկերը կլինի դեկտեմբերին: