18/05/2023 14:40
ՀԱԿ-ը չի միանա Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը․ այն խոցելի է
Հայ ազգային կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը։ Այդ մասին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայ ազգային կոնգրեսը որոշ լրատվամիջոցներից հարցում է ստացել այսօր, մայիսի 18-ին, հրապարակված «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը» միանալու վերաբերյալ: Այդ կապակցությամբ հայտարարում ենք հետևյալը:
Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, հայտնելով մեր համերաշխությունը Արցախի ժողովրդի քաջարի պայքարին, միջազգային հանրությունից ակնկալում ենք խաղաղության հաստատման բանակցություններում հաշվի նստել նրա արդարացի պահանջների հետ, ինչպես նաեւ շուտափույթ կերպով
- լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները,
- ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը
-երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Արցախի մի քանի տասնյակ կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է՝ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել։ Ընդգծվում է նաև, որ Բրյուսելյան վերջին հանդիպման ավարտին հայտարարված արդյունքները, ինչպես նաև Ռեյկյավիկում Ն. Փաշինյանի կողմից հնչեցրած մոտեցումները խորը մտահոգություն են առաջացրել հայ ժողովրդի մոտ: