18/05/2023 10:04
«Հրապարակ». Արցախի նախագահը որոշել է համաներում հայտարարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահը որոշել է համաներում հայտարարել` նախագիծն արդեն խորհրդարան է ուղարկվել։ «Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2023 թ. ապրիլի 1-ը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում: Որի անհրաժեշտությունը միտված է «հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները որոշ չափով մեղմացնելուն»:
Համաներումը նվիրվում է արցախյան շարժման 35-ամյակին և տարածվելու է ավելի քան 100 մարդու վրա։ Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն առաջարկել է նախագծից հանել պետական պաշտոնյաներին առնչվող հանցագործությունները, որոնք պետությանը պատճառել են առավել խոշոր չափի՝ առնվազն 3 մլն դրամի վնաս։ Չնայած նախագիծը սահմանում է պետությանը պատճառված վնասի փոխհատուցում, ապա նոր՝ ներում: Գալստյանն ասում է, որ դա նախադեպ կդառնա` պաշտոնյաները կարող են անխնա յուրացնել պետական միջոցները՝ հաշվարկով, որ եթե անգամ բռնվեն, համաներման տակ կընկնեն»։