18/05/2023 13:58
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ պարբերաբար բանակցություններ են ընթանում. օրերս Եվրոպայում կայացել է հերթական բանակցությունը:
«Գոհունակությամբ նշվեց, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները՝ համաձայն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ԱՊՀ ստեղծման մասին այս համաձայնագրում նշվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնված կլինեն նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա:
«Հուսով ենք, որ այս բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու երկրները հետագայում կսկսեն սահմանազատման գործընթացը», - հավելել է նա: