18/05/2023 17:00
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել հստակ դիրքորոշում հայտնել՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների
Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջեւ: Աշխարհը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների և վերափոխումների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ շատ երկրների համար: Եվ Հավաքական անվտանգության պատասխանատվության գոտին ևս բացառություն չէ: Այդ մասին Մինսկում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ասել է ՀՀ ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանը։
Նա ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի մասին, Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին տեղեկատվություն։
«Մեզ համար կարևոր են դաշնակիցների և գործընկերների կողմից իրական հասցեական հայտարարություններն ու քայլերը՝ եռակողմ հայտարարության պարտավորություններին համապատասխան Լաչինի միջանցքի գործարկման ռեժիմի վերականգնման և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ անվտանգության եւ անօրինական գործողություններից պաշտպանվածության պայմաններում Լեռնային Ղարաբաղի կյանքը կարգավորելու նպատակով», - ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով, Հայաստանը բազմիցս հայտարարել է խաղաղության պայմանագիր կնքելու և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին, Ադրբեջանը, սակայն, շարունակում է ագրեսիվ դիրքորոշում իրականացնել:
«Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը», - ասել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ որպեսզի Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին:
«Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր: Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես գործընկերներին զգուշացրել էի Ադրբեջանի վարած քաղաքականության ապակայունացնող հեռանկարների մասին», - հայտարարել է Սիմոնյանը։
Նա կոչ է արել դահլիճում ներկա տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ:
«Այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար», - ասել է նա։