18/05/2023 09:44
«Ժողովուրդ». Նույն հարցի շուրջ իշխանության երկու ներկայացուցիչ տարբեր բաներ են խոսում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այնքան էլ ճիշտ չի համարում այդպիսի հուշարձանի տեղադրումը, և որ այդ որոշման մասին տեղյակ էլ չի եղել։
Իսկ, ահա, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ հայտարարել է, թե որոշում կայացնողներն այլևս իրենց քաղաքական թիմի անդամ չեն։
«Իրականում այն մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացրել կամ իրականացրել են կամ համաձայնությունները տվել են և՛ ԱԳՆ-ում, և՛ Երևանի քաղաքապետարանում, իմ տեղեկություններով, նրանք այլևս մեր քաղաքական թիմի անդամ չեն։ Միգուցե նրանցից շատերը երբեք չեն էլ եղել մեր քաղաքական թիմի անդամ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանն ասել է Պապոյանը։ Նկատեցի՞ք՝ նույն հարցի շուրջ իշխանության երկու ներկայացուցիչներ տարբեր բաներ են խոսում:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործող իշխանության անդամ է: 2023 թ. ապրիլի 4-ին նա նշանակվել է վարչապետի խորհրդական, և նրա օրոք են ձեռք բերվել բոլոր պայմանավորվածությունները:
Այնպես որ, մանիպուլյացիան չի անցնի: Ավելին՝ Հայկ Մարությանին ՔՊ-ն գահընկեց արեց, քանի որ ինքնագլուխ որոշումներ էր կայացնում: Նրա գնալուց հետո ամեն մանրուք զեկուցվում է Նիկոլ Փաշինյանին: Որքան էլ Հրաչյա Սարգսյանը փորձի հակառակն ապացուցել, հավատարժան չեն նրա խոսքերը»։