18/05/2023 13:35
Եթե այսօրվա ռեսուրսն էլ աշխատի, այս վիճակը չենք ունենա երթևեկության ոլորտում. «Վարորդի ընկեր»-ը՝ քաղաքապետարանի նոր որոշման մասին
Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող «ճանշին» ընկերություն:
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ, եթե այսօրվա ռեսուրսն էլ աշխատի, մենք այս վիճակը չենք ունենա երթևեկության ոլորտում:
«Եթե այդ նոր «ճանշիններն» էլ աշխատեն այն նույն ձևով, ինչ որ հիմա են անում, նույն բանն է լինելու: Եթե պատշաճ աշխատեն, այսօրվա տեսքով էլ կարող են նորմալ արդյունք ապահովել: Այս բոլոր աշխատանքները հո քաղաքապետարանի ռեսուրսներով չի իրականացվում, այլ մրցույթներ են հայտարարվում և մասնավոր հատվածի շահած անձինք են սպասարկում», - նշեց նա։
Քեյանի խոսքով՝ եթե մրցույթները ժամկետների մեջ հայտարարվեն, մարդիկ կարողանան շուտ մասնակցել, գները նորմալ լինեն, այս խնդիրը չենք ունենա:
Անդրադառնալով Երևանի ճանապարհային խնդիրներին, Քեյանը նշեց, որ շատ փնթի շինարարական աշխատանք է տարվում, ոչ մի տեղ կահավորում, լուսավորություն չկա, անվտանգության նորմերն էլ առհասարակ պահպանված չեն.
«Ասֆալտի որակի մասով ոչինչ չեմ կարող ասել, դա թող մասնագետներն ասեն: Սակայն մեծ խնդիր են փոսերը: Իսկ դրանք հետևանքն են նրա, որ մրցույթներն ուշ են հայտարարվում, և փոսալցման աշխատանքներն էլ ուշ են արվում: Պետք նորմալ ժամկետներում աշխատեն, նորմալ մրցույթներ հայտարարեն, այնպիսի գներ սահմանեն, որ մարդկանց համար գրավիչ լինի մասնակցելը»: