18/05/2023 16:38
Մեր տնտեսությունը կարող է շնչահեղձ լինել. վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելին. Նիկոլ Փաշինյան
Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը նրանց աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«20 տոկոսով սուբսիդավորում ենք, եթե մարդը, որն ընդունվում է աշխատանքի, ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի առաջնակարգ ընկերություններում»,- մանրամասները ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Որևիցե սահմանափակում չկա, թե ինչ ազգության է մասնագետը. «Եթե հայ է՝ լավ է, եթե հայ չէ՝ նույնքան լավ է, էլի ոչ մի խնդիր չկա»:
Քերոբյանի խոսքով՝ սրանով նպատակ կա ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, ովքեր իրենց հետ կարող են բերել միջազգային փորձ ու գիտելիք:
«50 տոկոս սուբսիդավորում ենք այն մարդկանց, ովքեր, բավարարելով 400 բուհերն ավարտելու պայմանը, նաև ունեն դոկտորական աստիճան: Սրա նպատակն է, որ գիտնականներն ընդունվեն աշխատանքի մեր ընկերություններում: Գիտեք, վերջերս հրապարակված «Global Innovation Index»-ում բացահայտված էր, որ հայկական ընկերությունները շատ քիչ են գիտություն օգտագործում իրենց ապրանքներում, և մեր խնդիրն է ավելացնել գիտության մասնաբաժինը մեր արդյունաբերության, մեր բիզնեսի մեջ»,- ասաց նա:
Պետությունը 70 տոկոսով կսուբսիդավորի հայկական ընկերություններում աշխատանքի անցած 400 լավագույն բուհերի այն շրջանավարտների աշխատավարձը, որոնք դասավանդում են համալսարաններում և կրթական հաստատություններում:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պետք է նմանատիպ ծրագրերի մասին պատշաճ ձևով իրազեկել, քանի որ աշխատավարձի սուբսիդավորման որոշումը լուրջ ներդրում է ընկերությունների և երկրի զարգացման գործում:
«Նման ծրագրերի մասին պետք է անընդհատ խոսել: Մենք ուզում ենք, որ մեր տնտեսության աճի պոտենիցալը մեծանա, որովհետև անընդհատ լսում ենք, որ մեր տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելին: Այսինքն՝ մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, ինչպես աճում է մեր տնտեսությունը, կարող է այդ առումով տնտեսությունը շնչահեղձ լինել»,- նշեց նա: