19/05/2023 18:29
Հայաստանում են բժիշկներ՝ ավելի քան 60 երկրներից. Տեղի ունեցավ SIOP Asia 2023-ի պաշտոնական բացումը
Այսօր Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են գտնվելու ոլորտի 150-ից ավելի մասնագետներ՝ աշխարհի շուրջ 60 երկրի առաջատար բժշկական կառույցներից և ուսումնական հաստատություններից։
Բացման արարողությանը ներկա էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում դիտարկմամբ՝ համաժողովի անցկացումը Հայաստանում երկար ու մեծ աշխատանքի արդյունք է և հիանալի հնարավորություն՝ ցույց տալու այն ձեռքբերումները, որ վերջին տարիներին ունեցել են հայասատանյան մասնագետները։
«Այսօրվա միջոցառումը մեզ համար պատմական է, որովհետև առաջին անգամ Հայաստանում նման մասշտաբի մասնագիտական միջոցառում է անցկացվում և սա շատ լավ առիթ է՝ նախ ծանոթանալու այս պահին աշխարհում անընդհատ զարգացող բուժման նոր մեթոդների, հնարավորությունների և գիտական կարևոր աշխատանքների հետ», - ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա անդրադարձավ նաև հայ մասնագետների գործուղումներին, որտեղ պարբերաբար ներկայացնում են Հայաստանում իրականացվող փոփոխությունները, զարգացումները, մասնակցում են գիտական տարբեր ժողովների և տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող տարբեր ամսագրերում:
«Մենք չենք բավարարվելու այս ձեռքբերումով և աշխատելու ենք, որ հաջորդիվ էլ թե՛ մեծահասակների, թե՛ մանկական քաղցկեղի վերաբերյալ գլոբալ համաժողովները Հայաստանում շատ լինեն։ Անելիքներ դեռ շատ կան, բայց այն ցուցանիշները, որ այսօր Հայաստանը գրանցել է, բավական տպավորիչ են», - ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով, մանկական քաղցկեղի գրանցված 75 տոկոս դեպքերի բուժման ցուցանիշը որպես զարգացող երկիր, իսկապես մեծ ձեռքբերում է:
Ավանեսյանը նշեց, որը բավական բարդ և թիմային աշխատանք պահանջող միջոցառում է:
«Նախորդ տարի մեր մասնագետները, բարձրակարգ կլինիկաներից այստեղ ժամանած բժիշկների օգնությամբ իրականացրին մի քանի նման փոխպատվաստումներ և մեր թիմը այժմ պատրաստ է շարունակելու այս գործընթացը: Նշեմ, որ տարբեր երկրներից նույնպես երեխաներ են ժամանել այդ փոխպատվաստումը և բուժումը Հայաստանում իրականացնելու նպատակով», - անդրադառնալով ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստմանը, նշեց Ավանեսյանը։
Իտալացի մանկական ուռուցքաբան, արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկները, խոսելով Հայաստանի գրանցած արդյունքներից, նշեց, որ փոխպատվաստում է իրականացվել 5 երեխայի մոտ, որոնցից 4-ը հաջողությամբ բուժվել են:
«Մենք 80 տոկոս դեպքերում արդեն ունենք հաջողություն, իսկ Հայաստանում փոխպատվաստումներ իրականացնող թիմը հաջողությամբ իրականացնում է այդ բուժման գործընթացը և կարող է ընդլայնել այս ծառայությունը՝ ընդգրկելով ավելի շատ հիվանդներ: Համաժողովի ընթացքում պատրաստվում եմ խոսել ոսկրածուծի փոխպատվաստման մասին՝ սահմանափակ ռեսուրսներ ունեցող զարգացող երկրներում, քանի որ այն թանկարժեք ծառայություն է և շատ երկրներում, ցավոք, անհասանելի է», - ասաց նա:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս շեշտեց, որ, ունենալով նման հզոր արյունաբանության կենտրոն, որտեղ այդպիսի զարգացած մեթոդաբանություն և տեխնոլոգիաներ են կիրառվում՝ մեծ ձեռքբերում է:
«Ես ուրախ եմ և առանձնահատուկ հպարտ եմ, որ մեր երկիրը կարողացավ նման բարձր ցուցանիշ գրանցել և դա աննկատ չմնաց: Այսօր այստեղ են հավաքվել աշխարհի 60 երկրներից մի շարք հայտնի մասնագետներ, որոնք պետք է ամփոփեն իրենց ձեռքբերումները, և պատկերացում կազմեն, թե ինչպե՞ս Հայաստանը, լինելով զարգացող երկիր, կարողացավ այսպիսի հաջողությունների հասնել», - ասաց Մուրադյանը:
Ամփոփելով բացման արարողությունը, մասնակիցները ևս մեկ անգամ հաստատեցին ընդհանուր նպատակի իրականացման իրենց պատրաստակամությունը, որն էլ ընդգրկում է SIOP 2023-ի կարգախոսը` «Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։