19/05/2023 17:37
Ես մեջբերել եմ Pernod Ricard-ի հաղորդագրությունը, դրանից ավելի ոչ մի բան չեմ ասել. Վահան Քերոբյանը՝ ՌԴ կոնյակ չարտահանելու մասին
Երեկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Երևանի կոնյակի գործարանը դադարեցնում է կոնյակի արտահանումը ՌԴ:
Սակայն, իրավիճակին ծանոթ ԵԿԳ աղբյուրներն այսօր Aysor.am-ին ասացին, որ Երեւանի կոնյակի գործարանը չի դադարեցրել արտահանումը Ռուսաստան:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից Aysor.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք քննարկում եղել է նման հայտարարությունից առաջ, ի՞նչ աղբյուրների տեղեկությունների հիման վրա է նա նման հայտարարություն արել, ի պատասխան՝ Քերոբյանը նշեց.«Կոնյակի գործարանի հետ քննարկումներ այդ թեմայով չեն եղել: Դուք կարդացեք հենց Pernod Ricard-ի մամուլի հայտարարությունը: Ես իմ տեղեկատվությունը վերցրել եմ Pernod Ricard-ի կողմից մայիսի 13-ին հրապարակված հաղորդագրությունից: Ես դրանից ավելի ոչ մի բառ չեմ ասել:
Իմ կարծիքով՝ պետք է Կոնյակի գործարանից հարցնեք, թե ինչպես պետք է կարդալ Pernod Ricard-ի հաղորդագրությունը և որն է տարբերությունը նրանց կողմից թողարկված հաղորդագրության և իրականության միջև: Այն, ինչ ասում է Կոնյակի գործարանը, պետք է հասկանալ, թե ինչքանով է համընկնում Pernod Ricard-ի հաղորդագրության հետ:
Ես մեջբերել եմ Pernod Ricard-ի հաղորդագրությունը, դրանցից ավելի ոչ մի բան չեմ ասել: Ամեն դեպքում, օրեր առաջ դրա վերաբերյալ մի քանի լրատվականներ գրել են, զարմանալի է, որ իմ ասածից հետո է աղմուկ բարձրանում»: