19/05/2023 11:35
«Անբարոյականություն է օգտվել զոհված տղաների ծնողների հուզական վիճակից». Գեղամ Նազարյանի կոչը՝ քաղաքական ուժերին (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մեղադրող կողմին կոչ է անում չկալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկին, որը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։
Պատգամավորը քաղաքական բոլոր ուժերին կոչ է անում հերոս տղաների ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով։
«Նրանց կողքին կանգնել ոչ թե այն ժամանակ, երբ միջադեպեր են լինում, այլ՝ միշտ։ Ես գիտեմ, որ իմ խոսքը հերթական անգամ օգտագործելու են այլևայլ նպատակներով, բայց ես կրկնում եմ՝ անբարոյականություն է օգտվել զոհված տղաների ծնողների հուզական վիճակից»,- ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Նազարյանը։
Նշենք, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր՝ ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում։
Քննչական մարմինն է դատարանին ներկայացրել Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն։
Զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Գայանե Հակոբյանը ձերբակալվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։
Երեկ տեղի է ունեցել Աշոտ Փաշինյանի ու Գայանե Հակոբյանի առերեսումը։