19/05/2023 00:32
Միջնորդագիր է ներկայացվելու դատարան․ ԶԼՄ-ներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով։ Պողոտայով երթևեկությունն այժմ միակողմանի է իրականացվում։ Տեղում հավաքված են ոստիկանական մեծաթիվ ուժեր, որոնց թիվն ավելանում է։
Ինչպես հայտնում են դատարանի բակում իրադարձությունները լուսաբանող լրագրողները, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ստորագրություններով միջնորդագիր ներկայացնել դատարան՝ նրանց երաշխավորությամբ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու համար։