19/05/2023 00:41
Քննչական մարմինը ներկայացրել է զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն
Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննության համար անցկացվող դատական նիստը ընդմիջվել է։ Քննչական մարմինը դատարանին ներկայացրել է նաև Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն։ Այդ մասին քիչ առաջ հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ցավալի է, բայց փաստ։ Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է քննվի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր ներկայացրած բողոքը։ Ըստ ընթացակարգի, եթե այդ ընթացքում ներկայացվում է նաև կալանքի միջնորդություն, դրանք համատեղ են քննվում»,- ասաց Մելիքյանը։
Նոր նյութեր ներկայացնելու հանգամանքով պայմանավորված՝ դատարանը նիստը հետաձգել է մինչև 01։00-ն։
«Հիմա, փաստորեն, քննվելու է թե՛ ձերբակալության իրավաչափության դեմ մեր բողոքը, թե՛ կալանավորման միջնորդությունը, որը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմինը»,- ասաց իրավապաշտպանը։
Նա հայտնեց նաև, որ հացադուլ հայտարարած Գայանե Հակոբյանի համար շտապօգնության մեքենա է հրավիրվել դատարան, քանի որ նրա ինքնազգացողությունը վատ էր։ Այժմ զոհված զինծառայողի մայրն իրեն քիչ, թե շատ, ավելի լավ է զգում։