19/05/2023 17:28
Արցախում Պետական Պաշտպանության Կոմիտե ստեղծելու գաղափարը տեղին և անհրաժեշտ չէ․ մենք ունենք գործուն և արդյունավետ աշխատող պետական համակարգ․ Դավիթ Բաբայան
Այն, ինչ երեկ Ազգային Ժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարեց Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, իմ գնահատմամբ, իր սեփական կարծիքն է։ Ամեն մարդ սեփական կարծիք ունենալու իրավունք ունի։ Ես, իհարկե, չէի ցանկանա տարբեր քաղաքական գործիչների անձնական կարծիքները մեկնաբանողի դերում հայտնվել, սակայն, եթե հարցադրում է հնչում, ապա հայտնեմ իմ անձնական կարծիքը՝ Պաշտպանության Պետական Կոմիտե ստեղծելու կարիք և անհրաժեշտություն, այսօր և այս իրավիճակում չկա»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական Դավիթ Բաբայանը և հավելել՝ Արթուր Թովմասյանի հայտարարույթունը չի եղել Արցախի Ազգային ժողովի ընդհանուր կարծիքը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ՝ դիմելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ ՝Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել ՝Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն: Ինչո՞ւ , հարցեր մի տվեք: Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք»:
Դավիթ Բաբայանը հիշեցրել է. «Մենք ունեցել ենք Պետական Պաշտպանության Կոմիտե և դա եղել է 90-ականներին, երբ Արցախն, իսկապես, ուներ այդպիսի կառույցի կարիքը, որովհետև ուներ այլ պետական համակարգ։ Լինելով խորհրդարանական երկիր՝ այդ տարիներին հնարավորություն չկար իշխանությունը կենտրոնացնել մեկ մարմնի շուրջ։ Հիմա իրավիճակն այլ է՝ մենք ունենք նախագահ՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար, ունենք Անվտանգության խորհուրդ, պաշտպանության բանակ, ունենք տարբեր պետական մարմիններ, որոնք լիարժեք և արդյունավետ իրականացնում են իրենց վրա դրված գործառույթները։ Հետևաբար, իմ կարծիքով, հիմա Արցախում Պետական Պաշտպանության Կոմիտե ստեղծելու գաղափարը տեղին և անհրաժեշտ չէ։ Ես անձամբ դեմ եմ, որ հիմա Արցախում Պետական Պաշտպանության Կոմիտե ստեղծվի․ մենք ունենք գործուն և արդյունավետ աշխատող պետական համակարգ, ինչպես արդեն ասացի»։
Դավիթ Բաբայանը մտահոգություն է հայտնել՝ հատկապես հիմա ամեն ջանք պետք է ներդնել, որ պետությունը չկազմաքանդվի.«Եթե հանկարծ պետությունը կազմաքանդվեց, այլևս չի լինելու Արցախի Հանրապետություն, փոխարենը՝ լինելու է Արցախի հայ համայնք։ Թե ինչ է սա նշանակում, կարծում եմ, գիտակից մարդիկ հասկանում են։ Արթուր Թովմասյանի՝ Ազգային Ժողովում երեկ հայտնած անձնական կարծիքը դեռևս վերջնական որոշում չէ։ Սպասենք և տեսնենք՝ ինչ զարգացում կստանա նրա այդ միտքը»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ ինչո՞ւ է Արթուր Թովմասյանն իր առաջարկած կառույցի կազմում տեսնում հատկապես երկու քաղաքական գործիչների՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին, Դավիթ Բաբայանը պատասխանել է՝ այդ հարցն ուղղեք հենց իրեն՝ Արթուր Թովմասյանին և թող ինքը մեկնաբանի իր արած առաջարկության մանրամասները. «Մենք ունենք անվտանգության խորհուրդ։ Եթե այդ խորհրդում կարելի է ներգարվել նաև այլ գործիչների, ապա ի՞նչ կարիք կա ստեղծելու ինչ-որ նոր կառույց և այնտեղ հատուկ մարդկանց մտցնել։ Իսկ թե ինչո՞ւ են հենց այդ երկու անձանց անունները շրջանառվում, ես տեղյակ չեմ, հարցրեք հայտարարության հեղինակին»։
Նկատառմանը՝ համառ լուրեր են պտտվում, որ Արթուր Թովմասյանի՝ երեկ արված հայտարարության հետևում կանգնած է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը չի արձագանքել՝ հորդորելով հեռու մնալ տարբեր շահարկումներից՝ հատկապես այս օրերին, երբ Արցախում ստեղծված իրավիճակը, մեղմ ասած, խիստ վտանգավոր է։