19/05/2023 22:18
Արման Թաթոյանը ներկայացրել է Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում փաստահավաք աշխատանքների արդյունքները
Սյունիքի մարզում «Իրավունքի և արդարության կենտրոն» Թաթոյան հիմնադրամի կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքներն է ներկայացրել Արման Թաթոյանը․
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները` ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք
Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը և Հայաստանի ճանապարհները, արգելափակված է M12 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը (Գորիս-Արցախ):
Այցի ընթացքում տեղում արձանագրել էինք, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:
Ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ նրանց զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացույցներով հաստատված շարունակվում են:
Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են»: