19/05/2023 18:51
Գիտնական Յուրի Հովհաննիսյանը քիմիայի միջազգային օլիմպիադայի հաղթողներին պատմել է՝ ինչպես է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը ստացել «Օգանեսոն» անվանումը
Մայիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալել է «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողներին և բազմաթիվ դպրոցականների Երևանից և ՀՀ մարզերից։ Պատանի սերնդի ներկայացուցիչների հետ հանդիպել է հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի 10 նոր տարրեր: Յուրի Հովհաննիսյանի պատվին է կոչվել քիմիական տարրերի պարբերական համակարգի 118-րդ տարրը՝ «Օգանեսոն»։
«Այսօր պատմական օր է, որովհետև Յուրի Հովհաննիսյանը պատմություն է, ում շնորհիվ Մենդելեևի աղյուսակում հայտնվեց հայկական ծագման անվամբ տարր՝ «Օգանեսոն», և մենք՝ բոլորս, այդ պատմության մի մասն ենք կազմում», - ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։
Նա նշել է, որ Յուրի Հովհաննիսյանը մշտապես կապ է պահում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, որտեղ էլ վերջերս միջազգային գիտաժողովով նշանավորվեց մեծանուն գիտնականի 90-ամյակը։
Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով գերծանր տարրերի բնույթը, պատմել է դրանց սինթեզի մասին, ներկայացրել գերծանր տարրերի ուսումնասիրության հեռանկարները։ Պատասխանելով դպրոցականների բազմաթիվ հարցերին՝ նա պատմել է, թե ինչպես է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ համարի տարրը ստացել «Օգանեսոն» անվանումը։ «Մինչ այդ առաջարկվող անվանումները մերժվեցին։ Վերջում ասացին՝ այս մարդն ամեն ինչ արել է, եկեք իր անունով էլ անվանենք», - վերհիշել է Յուրի Հովհաննիսյանը։
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Յուրի Հովհաննիսյանը շնորհավորել են «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր, Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանին և բրոնզե մեդալակիր, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանին՝ հանձնելով նրանց գովասանագրեր և նվերներ։