19/05/2023 01:06
Սա Նիկոլ Փաշինյանի հերթական վրեժխնդրությունն է զոհված հերոս տղերքի ծնողների նկատմամբ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու միտումը անբարոյականություն է համարում։
«Սա Նիկոլ Փաշինյանի հերթական վրեժխնդրությունն է զոհված հերոս տղերքի ծնողների նկատմամբ։ Այս ամենը տեղի է ունենում կնոջ՝ զոհված զինծառայողի մոր նկատմամբ։ Կալանքի տանելն առնվազն անբարոյականություն է։ Տանել կալանքի՝ ինչի՞ համար։
Սրանով է պայմանավորված մարդկանց արդարացի զայրությը։ Սա շատ բնական է, անբնական կլիներ, եթե այդ զայրույթը չլիներ»- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց՝ Փաշինյանն ակնհայտորեն մի նպատակ է հետապնդում՝ լռեցնել պայքարողներին՝ իր նպատակը մինչև վերջ իրականացնելու համար։
«Սա շղթա է։ Տեսել ենք և՛ Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանին ծառայող ստրուկների կեցվածքը, և՛ դրանից առաջ բազմաթիվ դեպքեր․․․ սա այս շղթայի շարունակությունն է։ Հայաստանում բոլոր ընդդիմադիր օջախներին, այն խմբերին, ուժերին, անհատներին, որոնք դիմադրության օջախներ են, օրվա իշխանությունն ամեն կերպ փորձում է ոչնչացնել, ամայացնել դաշտը, որ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, և հայտնի է, որ այդ օրը մոտենում է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։