19/05/2023 15:24
Սպիտակի համայնքապետի տղան ծեծել է Սարամեջի ղեկավարի ամուսնուն
Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախորդ օրը՝ մայիսի 18-ին` ժամը 21․30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի իտալական թաղամասում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Է․ Հովհաննիսյանի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 26-ամյա Գոռ Նիկողոսյանի միջև, որի ժամանակ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Է․Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Գ․Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։