19/05/2023 15:12
Ինչ կլինի, եթե «Արարատ» կոնյակը չարտահանվի Ռուսաստանի Դաշնություն
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ ֆրանսիական «Pernod Ricard» ընկերությանը պատկանող Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այն բացասական մեծ ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն մեր տնտեսության վրա։
«Կոնյակը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլև այն Հայաստանի իմիջի բաղկացուցիչ է հանդիսանում: Տարիներ շարունակ խորհրդային, հետխորհրդային շուկայում կարողացել ենք մեր անունը հանել, մեր մասնաբաժինը ունենալ և այս առումով մենք բավականին լուրջ մտահոգվելու առիթ ունենք, երբ ֆրանսիական ընկերությունը դադարեցնում է «Արարատ» գործարանի արտահանումը դեպի ՌԴ: Սա կարող է իր բացասական ազդեցությունը թողնել ոչ միայն գործարանի գործունեության վրա, այլ նաև կոնյակ կամ ալկոհոլային խմիչքներ արտադրող մյուս ձեռնարկությունների վրա: Ռուս սպառողի համար էական նշանակություն չունի՝ մեծ հաշվով դա «Արարատ» գործարա՞նն է, թե՞ այլ: Երբ նրանց ազդակ գնա, որ հայկական կոնյակը չի արտահանվում պատժամիջոցի անվան տակ, դա կարող է մյուս արտահանողներին ևս մեծ վնաս հասցնել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Այս առումով ևս, ըստ տնտեսագետի, մտահոգվելու առիթ ունենք.«Եթե, օրինակ, նույն 90-ականներին, երբ այս ձեռնարկությունը սեփականաշնորհել են, ֆրանսիական ընկերությունը հայտարարեր, որ ինչ-որ մի պահի պետք է դադարեցնի դեպի ՌԴ արտահանումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բնականաբար, այդ սեփականաշնորհումը չէր լինի: Այս առումով ՀՀ կառավարությունը բավականին լուրջ մտահոգության տեղ ունի և պետք է աշխատի ֆրանսիացիների հետ, որպեսզի փոխվի նրանց քաղաքականությունը և ՀՀ-ում գործող ֆրանսիական այդ ընկերությունը քաղաքական որոշումներով չշարժվի»:
Պարսյանի խոսքով՝ սա ուղղակի ազդեցություն կթողնի խաղող արտադրող հազարավոր գյուղատնտեսությունների վրա. «Առանց այդ էլ նրանց վիճակը լավ չի, հիմա կստացվի, որ խաղողի մթերման պահանջարկը շուկայում կտրուկ կիջնի: Նույն ֆրանսիական այս ընկերությունը, որը դադարեցնում է կոնյակի արտահանումը ՌԴ, արդյո՞ք ինքն ունի այլ երկիր արտահանման հնարավորություն: Միանշանակ կարող եմ ասել, որ այլ երկիր արտահանելու համար բավականին լուրջ մարքեթինգային ծախսեր են պետք, կապեր են պետք և դա, ըստ էության, չի արվում»։
Տնտեսագետը տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում ՀՀ-ից արտահանվել է մոտավորապես 290 մլն դոլարի չափով կոնյակ, տարբեր ալկոհոլային խմիչքներ. «Անշուշտ, այստեղ կա «Արարատ» գործարանի մասնաբաժինը: Եվ կարող ենք ասել, որ այս գործողությունների արդյունքում 290 մլն դոլարի չափով խնդիր կունենանք: Սա մտահոգիչ իրավիճակ է և կառավարությունը պետք է հստակ աշխատի, նաև պահանջներ ներկայացնի ֆրանսիական ընկերությանը»:
Հարցին՝ հնարավո՞ր է մասնավոր ընկերությունների միջոցով նույն «Արարատ» գործարանի արտադրանքն արտահանվի ՌԴ՝ տնտեսագետը պատասխանեց. «Ֆրանսիական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է արտահանումը դեպի ՌԴ: Հնարավոր է, որ ՀՀ-ում ընկերությունը «իքս» ընկերության վաճառի իր արտադրանքը և այն որոշի դա արտահանել ՌԴ, բայց դա կստացվի ֆրանսիական ընկերության որոշման ձևականություն: Նման որոշում, սակայն, չկա այս պահին: Նույն եվրոպացիները հիմա փորձում են Հայաստանի ընկերություններն ուսումնասիրել և որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել հենց դրա պատճառով, քանի որ եվրոպական ապրանքներ ներկրում են Հայաստան, հետո վերարտահանում են ՌԴ: Այսինքն՝ կստացվի, որ հենց իրենց ընկերությունն է դրանով զբաղվում ՀՀ-ում: Դա էլ, այս պարագայում, անհասկանալի, անտրամաբանական կլինի, չնայած ներկայիս տնտեսական որոշումների վրա մեծ ազդեցություն ունի քաղաքական իրավիճակը և եվրոպացիները կհանդուրժեն Հայաստանի կողմից վերարտահանումը ՌԴ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:
Գործարար Հարություն Մնացականյանն էլ հնարավոր չի համարում մասնավոր ընկերությունների կողմից «Արարատ»-ի կոնյակը ՌԴ արտահանելը։
«Եթե «Pernod Ricard»-ի կոնյակը հայտնվեց ՌԴ-ում երրորդ ընկերությունների կողմից, արդեն պարզ է, որ կոնյակի գործարանն անմիջական կամ երկրորդային մասնակցություն ունի դրան: Դա հարցի լուծում չի լինելու: Այս պարագայում միակ տարբերակը գործարանի վաճառքն է հայկական ընկերությանը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մնացականյանի խոսքով՝ եթե գործարանը չվաճառեն, շատ վատ ազդեցություն կունենա այս ամենը երկրի տնտեսության վրա։
«Քանի որ կոնյակի ամենամեծ արտահանողներից մեկը «Pernod Ricard» ընկերությունն է, գոնե ՌԴ-ի պրեմիում սեգմենտում «Pernod Ricard»-ը միշտ ուներ ներկայություն: Այս պարագայում բավականին մեծ ծավալների խաղող ուղղակի չի մթերվի և գյուղացիները կկանգնեն փաստի առջև: Միակ տարբերակը կոնյակի գործարանի վաճառքն է, որը հնարավոր եմ համարում: Կարող են նաև իմիտացիա անել: Հայկական մի ընկերություն բերեն, իմիտացիա անեն, որ վաճառում են այդ ընկերությանը և հենց հայկական կազմակերպությունն էլ «Արարատ» կոնյակի բրենդն արտահանի ՌԴ»,- հավելեց գործարարը։