19/05/2023 11:40
Երևանում մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են շահագործվում, որոնք չեն բավարարում մաքուր արտանետման գաղափարին, սակայն տեխզննում են անցնում
Երևան քաղաքում օդի վատ որակի հարուցիչներից մեկը, ըստ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, մեծ ծավալի փոշին է, որը գալիս է շինարարությունից:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ օդի աղտոտվածության մեծ աղբյուր են և՛ շինարարությունը, և՛ մեքենաները, և՛ արդյունաբերությունը:
«Այնպես չի, որ օդի աղտոտվածությունը մի ֆակտորով է ձևավորվում: Մարդու տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում, բնականաբար, մթնոլորտային օդ են արտանետվում աղտոտիչներ, որի հետևանքով այս կամ այն աղտոտիչի քանակությունը ժամանակի ընթացքում փոփոխվում է, կայուն վիճակում չի մնում, քանի որ տարբեր ֆակտորներ են վրան ազդում: Բնականաբար, շինարարությունից արտանետվում է մեծ քանակությամբ փոշի: Եվ դա լինում է ոչ միայն շինարարության բուն պրոցեսի ժամանակ, այլև՝ տեղափոխման: Շինարարաթյան հետևանքով արտանետված փոշին, ցավոք, Երևանում բարձր է: Տարբեր սեզոններին ունենում ենք օդի աղտոտվածության տարբեր մակարդակ: Բնականաբար, անձրևային եղանակներին խոնավության հետևանքով աղտոտվածությունը մի փոքր նվազում է, սակայն քամու ժամանակ, չորային եղանակներին ավելանում է», - տեղեկացրեց Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ 3-4 անգամ օդի աղտոտվածությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը նաև անդրադարձավ ավտոմեքենաներին և նշեց, որ այդ մասով խնդիր ունենք. «Երևան քաղաքում մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են շահագործվում և դրանք չեն բավարարում մաքուր արտանետման գաղափարին, քանի որ չունեն համապատասխան ֆիլտրներ: Իհարկե, խոսքը ոչ բոլորի մասին է, կան նաև «Եվրո-5» և «Եվրո-6» մեքենաներ, սակայն մեծ քանակ են կազմում դրանից ցածր մեքենաները, որոնք արտանետում են մեծ քանակությամբ մթնոլորտային գազեր»:
«Դրանց հետևանքով մթնոլորտային օդում ավելանում են տարանջատված փոքր մասնիկներ՝ ածխածնի մոնօքսիդը, ազոտի երկօքսիդը: Ճիշտ է՝ ոչ բոլոր գազերի մասով ենք ուսումնասիրություններ անում, բայց կոնկրետ ազոտի մասով ունենք գերազանցումներ: Օրինակ այս վերջին շաբաթվա տվյալներով մոտավորապես գերազանցումները հիմնականում կենտրոնում են եղել՝ մինչև 2 անգամ», - ասաց նա։
Հարցին, թե այդ դեպքում տվյալ մեքենաներն ինչպես են տեխզննում անցնում, Շահնազարյանը պատասխանեց, որ իրենք այդ մասով հսկողություն իրականացնել չեն կարող. «Տեխզննման պարտադիր պայման է, որ CO-ն չգերազանցեն: Նախարարության գործառույթը, սակայն, վերջանում է այնտեղ, որ ստեղծվել է իրավական դաշտ այդ մասով, որպեսզի տեխզննման կտրոնի վրա պարտադիր CO-ն ներառված լինի: Բայց դրանից այն կողմ արդեն նախարարության գործառույթների շրջանակում չէ: Իրավական մասով մենք անելիք չունենք, մենք միայն մոնիթորինգ ենք անցկացնում և հայտնում ենք արդյունքները և նշում, թե ինչ պատճառներով է մթնոլորտային օդն աղտոտված: Նույնն արվել է նաև շինարարության մասով: Երբ այդ մասին բարձրաձայնեցինք, բավականին լավ արձագանք եղավ: Տեսչական մարմինն իր հսկողությունն ուժեղացրեց, վարչապետը հանձնարարական տվեց բոլոր շինարարական կազմակերպություններին, և անցյալ տարվա ամառվա համեմատ տարբերություն տեսնում ենք»:
Շահնազարյանը հավելեց, որ նախագիծ են մշակել, որով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կարելի է հասնել նրան, որ և՛շինարարության մեջ, և տրանսպորտի մասով քիչ արտանետումներ լինեն. «Հիմա ԵՄ-ի օդի դիրեկտիվն ենք դիտարկում, որպեսզի կարողանանք նորմավորենք օդի աղտոտվածությունը՝ որոշակի պահանջներ սահմանենք: Այդ գործընթացի մեջ ենք, մեծ աշխատանքներ են իրականացվում»:
Շահնազարյանը չի կարող ասել՝ ավելի շատ օդն աղտոտվում է շինարարությունից, թե՝ մեքենաների շահագործումից. «Չենք կարող այդպես ասել, քանի որ երկուսն էլ մեծ ազդեցություն ունեն և տարբեր հատվածներում տարբեր է: Մի տարածքում, որտեղ ինտենսիվ շինարարություն է գնում, բնականաբար, բնակիչներն իրենց վրա ավելի շատ զգալու են շինարարության ազդեցությունը, իսկ մեծ պողոտաներում, մեծ փողոցներում՝ մեքենաների ազդեցությունն է մեծ լինելու: Ամբողջ կենտրոն համայնքում երկուսի ազդեցությունն էլ շատ մեծ է»:
Նրա խոսքով՝ շինարարությունը ժամանակավոր բնույթ է կրում, այստեղ ամենամեծ խնդիրը տրանսպորտի հետ է և իրենք մտավածություն ունեն, թե արդյոք կկարողանան հասնել նրան, որ միայն «Եվրո-5» և «Եվրո-6» մեքենաներ ներկրենք Հայաստան:
«Հենց մեր նախարարությունն է, որ օրենդրական փաթեթով արտոնություններ սահմանեց էլեկտրոմոբիլներին, որոնց ներկրումը բավականին մեծացել է: Դրանք շահագործման ժամանակ ոչ մի վնաս չեն տալիս մթնոլորտին: Իրենց միակ խնդիրը մարտկոցներն են, երբ դառնան թափոն, մշակվեն»: