19/05/2023 09:43
«Ժողովուրդ». ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ լինելով երևանաբնակ, 110 հազար դրամ է ստացել՝ որպես վարձավճարի փոխհատուցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռևս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել և ապրել է Երևանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը և ստացել փոխհատուցում: Նա դիմումում նշել է, որ բնակվում է Նար-Դոս փողոցում և վարձակալել է այդ բնակարանը 110 հազար դրամով: Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության՝ եթե պատգամավորը մարզաբնակ է, Երևանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը և ստանալ վարձավճարի փոխհատուցում, սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նշեցինք, ամսական 110 հազար դրամ է ստացել՝ որպես վարձավճարի փոխհատուցում՝ լինելով երևանաբնակ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե վերջին 2 տարիներին ովքեր են դիմել պատգամավորներից վարձավճարի փոխհատուցման համար: Լրատվական ծառայությունը, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հրաժարվեց տալ այդ տեղեկությունը: Նախկինում՝ մինչև Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը, երբեք որևէ գումարման խորհրդարան այս տեղեկությունը գաղտնի չի պահել: Թափանցիկության մասին ճամարտակող հեղափոխական իշխանիկները նաև այս պարզ տեղեկությունն են թաքցնում հանրությունից: Մենք, սակայն, ունենք փաստեր, որ Արթուր Հովհաննիսյանը, որը գրանցված է իր ընդդիմադիր քեռու՝ Ռուբեն Հովհաննիսյանի բնակարանի հասցեով, պետական բյուջեից ստացել է վարձաճարի փոխհատուցում, և նա ամբիոնից խոսում է կոռուպցիայի անթույլատրելիության մասին. ի՞նչ է այս դեպքը, եթե ոչ կոռուպցիա, պաշտոնեական դիրքի չարաշահում: Բա հո կոռուպցիան պոզուպոչով մեծ կենդանի չէ՞»։