19/05/2023 16:50
Ուզում եմ հավատալ, որ դատական համակարգն ականջալուր կլինի հանրության կոչին՝ որևէ դեպքում չկալանավորել տիկին Գայանեին. Իվետա Տոնոյան
ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունենում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ։
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ կան օրենքներ ու եթե մենք ապրում ենք իրավական պետության մեջ, ապա պետք է առաջնորդվենք օրենքի գերակայությամբ, բայց գրված օրենքներից ու հաստատված օրենքներից, կարծում եմ, շատ ավելի կարևոր են չգրված ու բարոյական օրենքները, որոնցով բոլորս պետք է առաջնորդվենք»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Տոնոյանն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք զավակներին հայրենիքի պաշտպանության գործին զոհաբերած մարդկանց հետ։
«Պետք է հասկանալ այն մայրերի, այն ծնողների հոգեվիճակը, որոնք այս պահին ապրում ու վերապրում են այս ամենը»,- նշեց նա։
ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ զոհված զինվորների ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխաններն այդպես էլ չեն ստացել ու պետք է հասկանալ նրանց հոգեվիճակը։
«Ես չեմ արդարացնում բռնությունը, բայց, կրկնում եմ, մենք պետք է առաջնորդվենք ավելի շատ չգրված օրենքներով։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր դատական համակարգը ականջալուր կլինի հանրության կոչին՝ առաջնորդվել բարոյական օրենքների ուսումնասիրմամբ, առաջնորդվել խղճի առաջնահերթությամբ ու որևէ դեպքում չկալանավորել տիկին Գայանեին»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Նա կարծում է, որ այս ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ պետք է համախմբվել։