20/05/2023 11:05
Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է ծավալել, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ եկեղեցին ու պետությունը խառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա:
«Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր գործով, չնայած, պետք է ասել, որ դրանք իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև շատ հարցեր կան, որ խաչվում են», - Տավուշում դպրոցականներ հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա երկար քննարկված օրինակ է բերել:
«Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, երբ որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, այդ ապրանքները համարվեն բարեգործական ու մաքսային և այլ վճարների չենթարկվեն: Օրինակ՝ այդպիսին է պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այդտեղ շատ լուրջ սկզբունքային խնդիրներ ենք տեսնում։
Սկզբունքային խնդիր համար մեկ՝ եթե պարաֆինը մենք, օրինակ, մաքսազերծում ենք որպես բարեգործական ծրագրի մաս, ուրեմն մոմը պետք է չվաճառվի: Մենք ասում ենք՝ շատ լավ, պատրաստ ենք դա անել, բայց մոմը մի վաճառեք, ուղղակի դրեք, հավատացյալները թող գան, վերցնեն, գանձանակ թող լինի, ով ինչքան ուզենա՝ այնքան վճարի, որովհետև օրենքին հակասում է։ Օրենքն ասում է՝ եթե բարեգործական է, դու հետագայում չես կարող դրանից գումար ձեռք բերել:
Երկրորդ տարբերակն այն է, որ մոմը ամբողջությամբ վաճառվի, արձանագրվի, համապատասխան հարկերը վճարվեն պետական բյուջե, բայց մենք ասում ենք՝ վճարած ամբողջ հարկերը ու դեռ մի բան էլ ավելին կվերադարձնենք եկեղեցուն, այսինքն՝ կառավարությունը պետական բյուջեի համար ոչ մի բան չի պահի: Այսինքն՝ տալիս ենք երկու տարբերակ՝ կամ պարաֆինը, որից մոմ է պատրաստվում, համապատասխան վճարներով չի գանձվում ու այդ պարագայում դառնում է բարեգործական ապրանք ու մեր եկեղեցիներում մոմը չի վաճառվում, կամ էլ մոմի, բոլոր իրերի վաճառքը տեղի ունենա ՀՀ օրենսդրությանը համապատասխան, դրանից գանձվեն հարկեր, տուրքեր ու ես, կառավարությունն ասում ենք՝ ինչը հավաքագրվում է, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն: Նկատի ունեմ՝ այսպիսի խաչվող տեղեր կան», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, թե իրենց սկզբունքն այն է, որ հարաբերությունները լինեն իրավական, օրինական և ՀՀ օրենսդրության ու Սահմանադրության շրջանակներում:
«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի», - ընդգծել է վարչապետը:
Նրա խոսքով՝ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:
«Ուղղակի չի կարող»,- հավելել է Փաշինյանը: