20/05/2023 20:58
Դրեսլերի համախտանիշ․ Բուժումը կարող է ներառել ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր
Դրեսլերի կամ սրտամկանի հետինֆարկտային համախտանիշը սրտապարկի բորբոքման՝ պերիկարդիտի առանձնահատուկ տեսակ է: Այն ավելի հաճախ զարգանում է սրտամկանի ինֆարկտից հետո։
Համընդհանուր կարծիք կա, որ այս հիվանդությունը զարգանում է սրտի հյուսվածքի կամ սրտապարկի վնասվածքից հետո՝ որպես իմունային համակարգի պատասխան ռեակցիա: Նման վնասվածք կարող է առաջանալ այնպիսի դրվագներից հետո, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտի վիրահատությունը կամ տրավմատիկ վնասվածքը: Ախտանիշներից են կրծքավանդակի կամ ետկրծոսկրային ցավը, որը կարող է իր բնույթով կամ սաստկությամբ նմանակվել սրտամկանի ինֆարկտին ուղեկցող ցավերին:
Ախտանիշներն ավելի հավանական է, որ ի հայտ գան սրտամկանի ինֆարկտից, կրծքային վիրահատությունից կամ վնասվածքից շաբաթներ կամ ամիսներ հետո:
Եթե կրծքավանդակի ցավերը հանկարծակի կամ կայուն-ձգձգվող են, անհապաղ դիմեք բուժօգնության, քանի որ նման գանգատը կարող է լինել սրտամկանի ինֆարկտի կամ մեկ այլ լուրջ հիվանդության նշան:
Փորձագետները կարծում են, որ Դրեսլերի համախտանիշը զարգանում է սրտի վնասվածքին հաջորդող օրգանիզմի իմունային պատասխանի պատճառով: Ձեր օրգանիզմը պատասխան ռեակցիա է դրսևորում վնասված հյուսվածքների նկատմամբ՝ դեպի ախտահարված շրջան ուղարկելով իմունային բջիջներ և հակամարմիններ: Երբեմն այսպիսի պատասխանը հանգեցնում է պերիկարդի լրացուցիչ բորբոքման:
Դրեսլերի համախտանիշը նաև կարող է զարգանալ սրտի որոշ վիրահատություններից կամ միջամտություններից հետո:
Խնդիրը զարգացնող իմունային ռեակցիան կարող է նաև հանգեցնել թոքերը շրջապատող հյուսվածքներում հեղուկի կուտակման (պլևրալ էֆուզիա):
Հազվադեպ, Դրեսլերի համախտանիշը կարող է հանգեցնել ավելի լուրջ կամ ծանր բարդությունների․
Կոնստրիկտիվ պերիկարդիտ. այս դեպքում սրտապարկն անդառնալի հաստանում և սպիանում է՝ խոչընդոտելով սրտի նորմալ աշխատանքին և առաջացնելով սրտային անբավարարություն: Վերջինս կարող է հանգեցնել ոտնաթաթերի և որովայնի այտուցվածության` օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառով:
Սրտի տամպոնադա. սա կյանքին սպառնացող վիճակ է, քանի որ պերիկարդի տակ հավաքված հեղուկը սեղմում է սիրտը՝ խաթարելով վերջինիս աշխատանքը և հանգեցնելով սուր սրտային անբավարարություն: Վերջինս ընթանում է արյան ճնշման կտրուկ անկմամբ (կոլապս)։
Դրեսլերի համախտանիշի բուժումը կարող է ներառել ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի ընդունում, որոնք կարող են օգնել բորբոքման և այտուցի մեղմացմանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։