20/05/2023 17:53
Արդյոք կհամակերպվե՞ն արժանապատվություն ունեցող հայերն այն բանի հետ, որ Հայրենիքի համար զոհված զինվորի ծնողը կալանքի է վերցվել` չգործած «մեղքի» համար
Կյանքի փորձ ու Հայրենիքի առջև վաստակ չունեցող դատավոր Ժորային, իմ կարծիքով ընտրել էին միայն իր անվան համար: Նպատակն այն էր, որպեսզի երիտասարդ դատավորի իր «կերպարը» հակադրեն Հայրենիքի համար զոհված երիտասարդ զինվոր Ժորայի հերոսական կերպարին: Դատավոր Ժորային դարձրեցին գործիք, գրել է Արտակ Զաքարյանը՝ մատնանշելով զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշում ընդունած դատավոր Ժորա Մարտիրոսյանին։
«Նա դրանով վատություն չարեց ո´չ տիկին Գայանեին, ո՛չ Հայրենիքի համար զոհվածների անմար հիշատակին, ո՛չ նրանց որդեկորույս Ծնողներին, ոչ էլ արժանապատիվ հայ մարդկանց:
Դատավոր Ժորան անարգեց նախ իրեն, իր կոլեգաներին ու մտերիմներին: Նա նսեմացրեց Հայոց պետականության դատական համակարգը: Նա ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է լինել նաև անբարո:
Օրենքը կացին չէ: Օրենքը նախևառաջ մարդկության համակեցության նորմ է: Արդյոք կհամակերպվե՞ն արժանապատվություն ունեցող հայերն այն բանի հետ, որ Հայրենիքի համար զոհված զինվորի ծնողը կալանքի է վերցվել` առերևույթ գործած (ենթադրաբար` չգործած) «մեղքի» համար:
Վստահ եմ, որ Հայաստանի դատավորների 90%-ը չէր գնա բարոյականության տեսանկյունից այդ նսեմ քայլին: Որքան էլ գործի հանգամանքներն արժանահավատ չլինեն` հասկանալի է, որ գործը պետք է քննվի, և դրա համար կան խափանման միջոցի տարատեսակ այլ ձևեր, բայց ո´չ կալանքը: Այստեղ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև հատել է բարոյականության սահմանը:
Տեղի ունեցածում ոչ մի պատահական բան չկա: Դավաճանը չի´ ցանկանում միայնակ մնալ իր դավաճանության հետ»,- գրել է Արտակ Զաքարյանը: