20/05/2023 18:23
Պարզվեց՝ այս երկրի «գլխավոր հանցագործը» զինվորի մայրն է, ոչ թե հազարավորների մահվան տարած, տասը հազարավորների հաշմանդամ դարձրած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանն անտերության մատնած Նիկոլ Փաշինյանը
«Պարզվեց՝ այս երկրի գլխավոր հանցագործը ոչ թե հազարավոր տղաների մահվան տարած, տասը հազարավորների հաշմանդամ դարձրած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանի սահմաններն անտերության մատնած Նիկոլ Փաշինյանն է, այլ իր որդուն բանակ ուղարկած, կեղծ փաստաթղթերով բանակից չխուսափած զինվոր Ժորայի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որի որդու շնորհիվ այսօր Աշոտ Փաշինյանը հանգիստ կարող է երթևեկել քաղաքում և անգամ կարող է ցումունք տալ այն կնոջ նկատմամբ, ում որդու շնորհիվ ինքը էդպես ազատ երթևեկում է քաղաքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը։
Զոհված զինվորի մայրը համոզված է՝ հողի համար, հայրենիքի համար պայքարողներին պատժելու գործընթացը, որը Նիկոլ Փաշինյանն սկսել է վաղուց, շարունակվում է և կշարունակվի, քանի դեռ հասարակությունը հանդուրժում է դա։
«Մեր տղաները, այո, «մեղավոր են», որ 44 օր շարունակ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցներին դիմադրել են, սատկացրել են իր հազարավոր դաշնակիցներին, և հավանաբար, սա պահանջ է։ Պահանջ է՝ պատժելու բոլոր այն տղաների ծնողներին, ովքեր դուրս են եկել թուրքի դեմ»,- ասաց Ալիսա Գևորգյանը՝ չբացառելով, որ հայրենիք պաշտպանողների ու հայրենիքի արժեքը գիտակցողների նկատմամբ արշավը շարունակելու հրահանգ Փաշինյանն ստացել է Ադրբեջանից։
«Սա այլևս Նիկոլի խնդիրը չէ։ Գայանեին այլևս ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ Գայանե Հակոբյանին դատապարտել է արդեն ցմահ։ Եթե նրան թվում է, որ ինքը Գայանեին կարող է ցավեցնել ավելին, քան արդեն ցավեցրել է, սխալվում է։ Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ մենք արդեն մահապարտ ենք։ Մարդիկ ենք, որոնց որևէ կերպ այս հիմարություններով վախեցնել չես կարող։ Սա արդեն հասարակության խնդիրն է։ Հասարակությունն է որոշում՝ ինքն ինչ բարոյականության, իրականության մեջ է ապրելու։ Իրականություն, որտեղ իրեն պաշտպանած զինվորի մո՞րն են կալանավորում ու ուղարկում ՔԿՀ, թե՞ հասարակություն, որտեղ, այնուամենայնիվ, արժեքներ գործում են, մոր մասին միայն կենացներով չեն ապրում։ Սա արդեն յուրաքանչյուրի բարոյականության խնդիրն է»,- շեշտեց զոհված զինծառայողի մայրը։
Դիմելով հասարակությանը՝ նա նշեց նաև՝ այս երկրում մեր զավակներն արդեն չեն ապրում, ձե՛ր զավակներն են ապրում, նրա՛նց ճակատագիրն է վտանգված։
«Այսօր դուք հնարավորություն ունեք՝ այս իրականությունը փոխելու, սիրելի՛ ժողովուրդ»,- ասաց Ալիսա Գևորգյանը