20/05/2023 11:37
Որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն. Վարչապետ (Տեսանյութ)
Որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն, Տավուշում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ սահմանադրությունում գրված է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների միջոցով, ու իշխանությունը ժողովրդին է պատկանում անօտարելի ձևով: Որևէ խմբի կամ անհատի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն», - ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ ժողովուրդը պետական հասկացություն է, ազգը՝ էթնիկ հասկացություն:
«Ազգը պարտադիր չէ, որ լինի ՀՀ իրավաքաղաքական սուբյեկտ, պարտադիր չէ, որ լինի քաղաքացի, որովհետև կարող է լինել հայ, բայց Ֆրանսիայի քաղաքացի, չնայած, հիմա մեր քաղաքականությունները պետք է լինեն այնպես, որ ազգ ու ժողովուրդ հասակցություններն ինչ-որ ձևով նույնականանան, մանավանդ որ, հիմա ունենք նաև երկքաղաքացիության հնարավորություն ու կա հնարավորություն, որ աշխարհի բոլոր հայերը նաև ունենան ՀՀ քաղաքացիություն և այս ճանապարհով մենք կարող ենք ազգ ու ժողովուրդ հասկացությունները նույնականացնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հարց է հնչեցրել ու ընդգծել՝ պետք է պատասխան տալ այդ հարցին:
«Մենք այս տարածաշրջանում ապրելու մեր հնարավորությունն ու տեսլականը տեսնում ենք հետևյալ կե՞րպ, որ մենք այստեղ կարող ենք ապրել միայն կամ հիմնականում որևէ արտաքին ուժի աջակցությա՞մբ, թե՞ մենք այս տարածաշրջանում կարող ենք ապրել նաև ինքնուրույն, սա շատ սկզբունքային հարց է: Ո՞րն է երկու մոդելի տարբերությունը. առաջին մոդելն այն է, որ մենք ապրում ենք մի տանը, որի շուրջ կան էլի ուրիշ տներ ու այդ ուրիշ տների հետ մեր հարաբերություններն, ըստ էության, այնպիսին են, որ մենք, առանց ոստիկանության կամ այլ ուժերի ներկայությամբ այստեղ չենք կարող ապրել, որովհետև մենք ունենք կոնֆլիկտներ ու դրանք, ըստ էության, անլուծելի են: Կա երկրորդ մոդելը. այնուամենայնիվ, մենք որոշում ենք, որ մենք պետք է հարաբերությունները կարգավորենք այնպես մեր կողքի տների հետ, որ մենք այդտեղ անցնել-դառնալիս, հյուր հրավիրելիս անընդհատ պրոբլեմների ու կենսական սպառնալիքների ներքո չլինենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, թե ազգային գաղափարախոսության վերնագիրը պետք փոխել ու դարձնել պետական գաղափարախոսություն: