20/05/2023 10:45
Մեծ ողբերգություն ապրած կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը. Արթուր Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանի դիտարկմամբ՝ քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։
Ըստ նրա՝ որոշ իրավիճակներում գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։
«Ենթադրյալ առևանգման հնչեղություն ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս, կնոջ կողմից պլանավորված չի եղել․ ամեն բան կատարվել է բոլորիս համար հայտնի հանգամանքների բերումով (վարույթի նյութերին չեմ տիրապետում)։
Այլընտրանքային գործուն խափանման միջոցների (տնային կալանք, գրավ և այլն) առկայության պայմաններում՝ մեծ ողբերգություն ապրած կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը։
Եթե, այնուամենայնիվ, բացառիկ այս գործով ցուցաբերվի «նեոմացոյական» մոտեցում (ցավոք, դրա նախադրյալները տեսնում եմ), ապա նա պետք է տեղեկանա «հիտլերյան» դատավորներին տրված պատմական և իրավական գնահատականներին։ Կա մի տարբերություն․ «յութուբյան» պատմաշրջանում տեղի ունեցած դեպքերին և դեմքերին ծանոթանալու համար պատմության տված գնահատականներին ծանոթանալու անհրաժեշտություն չկա․ ամեն բան մնում է «կենդանի»։
Կյանքի դիալեկտիկան այնպիսին է, որ «նեոմացոյական» երիտասարդները սեփական ողբերգությամբ են զգում կամ անխուսափելիորեն կզգան այս գաղափարախոսության՝ բոլորիս համար ողբերգական լինելը», - Facebook-ում գրել է Ղամբարյանը:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 15:00-ին, դատարանը կհրապարակի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված զոհված զինծառայողի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության որոշումը: