20/05/2023 10:17
«Ժողովուրդ». Դժվար է մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են մեծ գումարներ, սակայն Վահագն Խաչատուրյանի աշխատանքի արդյունավետությունն այդպես էլ չի երեւում։ Խոսենք թվերով. 2022 թվականին նախագահի լիազորությունների իրականացման համար ծախսվել է 1.2 մլրդ դրամ, ընդ որում՝ կատարողականը 92 տոկոս է եղել, այսինքն՝ նախագահը սիրով ծախսել է իր կառույցին բաժին հասած գումարը, մեկնել գործուղումների, հյուրասիրություններ կազմակերպել:
Ինչպես հայտնի է, 2022 թվականի մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Այս ընթացքում դժվար է մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը: Միակ բանը, որով թերեւս կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերին: Խոսքը դրվագի մասին է, երբ Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվել էր՝ մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։
Ամբողջ մայիս ամսվա նրա գործունեությունը սահմանափակվել է միայն շնորհավորական ուղերձներ հղելով, օրինակ՝ մայիսի 3-ին, 5-ին, 17-ին։ Ապրիլ ամսվա ընթացքում եւս շնորհավորական խոսքերը բազմաթիվ են եղել, օրինակ՝ ապրիլի 17-ին, 24-ին, 25-ին։ Նա ապրիլին եղել է նաեւ Դիլիջանում, մեկնել արտերկիր, Մատենադարանում միջոցառման մասնակցել։ Թե ինչ օգուտ են տվել այս այցերն ու ընդունելությունները Հայաստանին, դժվար է ասել, բայց որ սուղ բյուջեից 3 մլն 200 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել ըստ էության ոչինչ չանելու համար, փաստ է»։