20/05/2023 09:53
Նիկոլ Փաշինյանը դպրոցականներին հորդորել է շարունակել զբաղվել սպորտով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Մրցաշարը տեղի է ունենալու մայիսի 20-ի առավոտյան: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:
Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր, պատասխանել տարբեր հարցերի:
Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նման նախաձեռնության համար և հավելել, որ այն բավականին մեծ հետաքրքրություն ունի դպրոցականների շրջանում:
Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով, իսկ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: